Շոու բիզնես

Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը

2 րոպեի ընթերցում

Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը

Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում կյանքի է կոչել իր վաղեմի երազացնքը՝ ձայնագրման պայմանագիր կնքելով ու թողարկելով իր դեբյուտային սինգլը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը, հոլիվուդյան դերասանի առաջին՝ «Life Is a Dream» ալբոմը հաջորդ ամիս կթողարկի Decca Classics լեյբլը։ Այն ներառում է դասական ստեղծագործություններ, որոնք նա գրել է ավելի քան վեց տասնամյակների ընթացքում։

Հոփքինսը, ով «Օսկար»-ի է արժանացել «Գառների լռությունը» (Silence of the Lambs) և «Հայրը» (The Father) ֆիլմերում կերտած դերերի համար, հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Երաժշտությունն իմ առաջին ցանկությունն էր, իմ առաջին երազանքը։ Ես ամբողջ կյանքում երաժշտություն եմ ստեղծել։ Այս ստեղծագործություններից մի քանիսն ինձ հետ են եղել տասնամյակներ շարունակ, և ես շարունակում եմ վերադառնալ դրանց։ Իմ ամբողջ կյանքը երազ է։ Decca-ի հետ պայմանագիր կնքելը կյանքի մեծագույն պատիվն է»։

Առաջին սինգլը՝ «Bracken Road», ոգեշնչված է նրա մանկության հիշողություններից։

Նրա երաժշտությունը կատարում են «Գրեմմի» մրցանակակի դափնեկիր դիրիժոր Գուստավո Դուդամելը և Լոնդոնի Ֆիլհարմոնիա նվագախումբը։

Սա Հոփքինսի համար ամբողջովին նոր փորձառություն չէ․ ինքնուս կոմպոզիտորը, որը դաշնամուր է նվագում չորս տարեկանից, նախկինում ևս ունեցել է երաժշտական ստեղծագործության թողարկում։

Հայտնի հոլանդացի ջութակահար և դիրիժոր Անդրե Ռյուն 2011 թվականին թողարկել էր ալբոմ, որի մեջ ներառված էր Հոփքինսի հեղինակած վալսը, որը նա գրել էր դեռևս 1964 թվականին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում