Մշակույթ

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակ Սիմոնը հանդես կգա 6-րդը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակ Սիմոնը հանդես կգա 6-րդը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 14-ին մեկնարկեց 70-րդ «Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որն ուղիղ հեռարձակում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով հանդես կգա 6-րդը։

Երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանից բացի ելույթ կունենան Բուլղարիան, Ադրբեջանը, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Չեխիան, Շվեյցարիան, Կիպրոսը, Ավստրիան, Լատվիան, Դանիան, Ավստրալիան, Ուկրաինան, Ալբանիան, Մալթան, Նորվեգիան, ինչպես նաև «Մեծ քառյակ»-ի անդամներ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ «Մեծ քառյակ»-ի երկրներն առանց քվեարկության են անցնում եզրափակիչ փուլ, քանի որ մրցույթի հիմնադիրներից են:

Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 06 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից Սիմոնի պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:

Սիմոնի Paloma Rumba երգի երաժշտությունը գրել է Լիլիթ Նավասարդյանը, որը մրցույթի երկրպագուներին հայտնի է մի շարք հեղինակային երգերով։ Paloma Rumba-ի խոսքերի համահեղինակը Ռոզա Լինն է՝ Դավիթ Ծառուկյանի և Էվա Ոսկանյանի հետ համատեղ։ 

«Երկար տարիներ երազում էի մեծ բեմի և «Եվրատեսիլ»-ի մասին, և այսօր իմ երազանքը դարձել է իրականություն։ Սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի ու անշեղ հավատքի արդյունքն է։ Հուսով եմ, որ իմ երգը ձեզ կհաղորդի ազատության զգացում, կտա հզոր էներգիա և կհիշեցնի, որ երբեմն երազանքի և հաջողության համար բավական է միայն մեկ համարձակ քայլ անել՝ դուրս գալ հարմարավետության գոտուց»,-ասել է Սիմոնը։ 

Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում