«Եվրատեսիլ-2027»-ը կհյուրընկալի բուլղարական Բուրգասը
2 րոպեի ընթերցում

Սև ծովի ափին գտնվող Բուլղարիայի Բուրգաս քաղաքն ընտրվել է հաջորդ տարվա մայիսին «Եվրատեսիլ» երգի մրցույթը հյուրընկալելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU)։
Բուլղարիան մայիսին առաջին անգամ հաղթել էր «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Եզրափակիչը ստվերվել էր մրցույթը բոյկոտող հինգ երկրների արտահայտած դիրքորոշմամբ. նրանք հրաժարվել էին մասնակցել՝ ի նշան Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ բողոքի։ Բուլղարիան հաղթանակ էր տարել՝ չնայած Իսրայելի օգտին կրկին գրանցված քվեարկության բարձր արդյունքին, որի շնորհիվ վերջինս երկրորդ տեղն էր զբաղեցրել։
Բուլղարիայի չորրորդ խոշոր քաղաքում գտնվող «Արենա Բուրգասը» 2027 թվականին կընդունի աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր երկրպագուների։ Ելույթներին ուղիղ եթերում կհետևեն միլիոնավոր մարդիկ։
Բուլղարական BTA լրատվական գործակալությունը հայտնում է, որ մրցույթը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել բուլղարական չորս քաղաք՝ Բուրգասը, Վառնան, Պլովդիվը և Սոֆիան։
Բուրգասը, որը հայտնի է իր լողափերով և մշակութային կյանքով, ընտրվել է՝ հաշվի առնելով քաղաքի հյուրանոցային հնարավորությունները, միջոցառման անցկացման վայրի տարողունակությունը և մրցույթի համար քաղաքը վերափոխելու ընդհանուր տեսլականը։
«Բուրգասը իսկապես յուրահատուկ բան է բերում «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Այն աշխույժ և հյուրընկալ քաղաք է Սև ծովի ափին՝ ուժեղ երաժշտական և մշակութային ինքնությամբ։ Քաղաքն ունի «Եվրատեսիլ»-ի ընտանիքին ընդունելու համար անհրաժեշտ հավակնությունը, ենթակառուցվածքներն ու կիրքը», - հայտարարել է Եվրատեսիլ երգի մրցույթի տնօրեն Մարտին Գրինը։
Մրցույթի երկու կիսաեզրափակիչները կանցկացվեն 2027 թվականի մայիսի 11-ին և մայիսի 13-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 15-ին։