Շոու բիզնես

«Ֆուլ հաուս»-ը վերադարձել է լիամետրաժ ֆիլմի ձևաչափով

4 րոպեի ընթերցում

«Ֆուլ հաուս»-ը վերադարձել է լիամետրաժ ֆիլմի ձևաչափով

Երևանյան էկրաններ բարձրացավ «Ֆուլ հաուս» սիթքոմի հիման վրա ստեղծված «Ֆուլ հաուս. վայրէջք» լիամետրաժ կինոնկարը։

Հերոսները ներկայանում են նոր պատմությամբ, որը զարգանում է տաղավարից դուրս: Մեկ ամսից ավելի տևած նկարահանումներն անցկացվել են Երևանում և Ստեփանավանում: Ֆիլմում չկա միայն Քրիստինա Եղոյանի կերպարը՝ Զառան։ Դերասանուհին թղթաբանական խնդիրների պատճառով չի կարողացել ԱՄՆ-ից ժամանել Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դերասանները կատակում են՝ նշելով, որ միայն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Քրիստինան կկարողանար գալ և մասնակցել նկարահանումներին:

Ֆիլմում հնարավոր է տեսնել նոր կերպարների. դերասանական կազմին են միացել հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու ռուսաստանաբնակ դերասան Արտյոմ Կալաջյանը:

Ֆիլմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ «Ֆուլ հաուս. վայրէջք»-ը ինքնուրույն ֆիլմ է՝ նոր սցենարով, որը չի կրկնում սիթքոմի բովանդակությունը։ Ֆիլմի սցենարային աշխատանքներն իրականացվել են մի քանի փուլով։ Պրոդյուսերը նկատում է՝ ֆիլմի գլխավոր ուղերձը սերն է։

«Եկեք կարևորենք այս գաղափարը, որովհետև այն այսօր շատերի կյանքում  բացակայում է։ Եթե մարդիկ սիրում են իրար, հարգում են միմյանց և միասին են, նրանք կարող են հասնել ամեն ինչի»,- նշում է նա։

Սցենարի համահեղինակ Գրիգոր Դանիելյանը վերհիշում է՝ սցենարն ունեցել է վեց տարբերակ։

«Մի քանի անգամ աշխատել ենք դրա վրա, որպեսզի այն դուր գա բոլորին և ընդունվի։ Կարծում եմ՝ հաջողել ենք, իսկ վերջնական գնահատականը կստանանք հանդիսատեսից՝ նրա արձագանքի միջոցով»,- նշում է նա։

Սցենարի համահեղինակ Գարիկ Սեփխանյանը դեմ է եղել, որ «Ֆուլ հաուս»-ն ունենա 10-րդ եթերաշրջան։

«Մենք չէինք ցանկանում, որ «Ֆուլ հաուս»-ի որակը տուժեր, այդ պատճառով էլ ավարտեցինք այն իր հաջողության գագաթնակետին, և վերադարձը եղավ միայն գեղարվեստական ֆիլմի տեսքով: Սցենարական աշխատանքը մեզ համար դժվար չէր, քանի որ մինչ այդ էլ մենք էինք գրել սցենարը, հետևաբար՝ բոլոր կերպարներին շատ լավ գիտեինք: Նշեմ, որ նախկին «Ֆուլ հաուս»-ից միայն կերպարներն են ծանոթ. ամեն բան նոր է»,-պատմում է նա։

Դերասաններ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ֆուլհաուսցիների համար ֆիլմի պրեմիերան պատմական են համարում, քանի որ նրանք փափագել են, որ սիրված սիթքոմը վերադառնա։

«Հիշեցի 12 տարին ու հասկացա, որ մեզնից յուրաքանչյուրը մտածել է այս օրվա մասին, բայց համարձակություն չի ունեցել բարձրաձայնելու։ Սա մեզ համար չափազանց կարևոր օր է»,- նշում է Արփին։

Դերասան Աղաս Մանուկյանի համար նախագիծը դարձել է առաջին սիթքոմը, այնուհետև՝ առաջին ներկայացումը, իսկ այսօր արդեն՝ առաջին գեղարվեստական ֆիլմը, որում հանդես է եկել։

Դերակատարներից Մոսո Կարապետյանը նկատում է՝ նախագիծն իրենց կյանքում հայտնվել էր ճիշտ ժամանակին։

«Մտածում էի, որ «Ֆուլ հաուս»-ը կվերադառնա՝ թեկուզ ֆիլմի տեսքով: Այն մեր կյանքում հայտնվել էր շատ ճիշտ ժամանակ՝ լավ դերասանական քասթինգով, ծիծաղելի սցենարով, գրագետ պրոդյուսերական աշխատանքով, դրա համար էլ այդքան ֆենոմենալ հաջողություն ունեցավ։ Շատ ուրախ եմ, որ որպես դերասան «Ֆուլ հաուս»-ի բոլոր նախագծերին մասնակցություն եմ ունեցել։ Այս նախագիծը տրամպլին է եղել ինձ համար»,-ընդգծում է նա։

«Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիսյանը, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Արտյոմ Կալաջյանը և այլք:

Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան, Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում