Նիդեռլանդների իշխանությունները կթույլատրեն ռեփեր Քանյե Ուեսթի համերգները երկրում
2 րոպեի ընթերցում

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ում նախկինում արված հակասեմական մեկնաբանությունների պատճառով արգելվել էր ելույթ ունենալ մի քանի երկրներում, պատրաստվում է հաջորդ ամիս համերգներ տալ Նիդեռլանդներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Rueters-ը։
Նիդեռլանդների օրենսդիրները կոչ էին արել կառավարությանն արգելել Ուեսթի մուտքը երկիր՝ հաշվի առնելով նրա նախկին հայտարարությունները նացիզմի և Ադոլֆ Հիտլերի նկատմամբ հիացմունքի վերաբերյալ։
«Մարդկանց մուտքը (Նիդեռլանդներ) արգելելու համար անհրաժեշտ են ամուր հիմքեր։ Մենք դրանք չենք գտել անցկացված վերլուծություններում։ Նրա նախկին հայտարարությունները այս պահին պատճառ չեն նրան մուտքը մերժելու համար», - մայիսի 29-ին ասել է միգրացիայի նախարար Բարտ վան դեն Բրինկը։
48-ամյա ռեփերը հունիսի 6-ին և 8-ին ելույթ կունենա Արնհեմ քաղաքի GelreDome համերգասրահում, որը գտնվում է Ամստերդամից մոտ 100 կմ հարավ-արևելք։ Դրանք կլինեն Քանյե Ուեսթի առաջին եվրոպական ելույթները 2014 թվականից ի վեր։
2026 թվականի ապրիլին ռեփերի մուտքը երկիր արգելել էին Միացյալ Թագավորության իշխանությունները՝ պատճառաբանելով, որ նրա ներկայությունը չի նպաստի հանրային բարօրությանը։ Այդպիսով չեղարվկել էին նրա ելույթները Լոնդոնում։ Ավելի ուշ արգելվել էին նրա ելույթները նաև Ֆրանսիայում և Լեհաստանում։
Հունվարին Քանյե Ուեսթն ամերիկյան Wall Street Journal թերթում հայտարարություն էր տեղադրել՝ հրաժարվելով Հիտլերի նկատմամբ իր նախկին հիացմունքից և ներողություն խնդրելով իր վարքագծի համար, որը նա վերագրել էր չախտորոշված ուղեղային վնասվածքին և երկբևեռ խանգարմանը։