«Ֆուլ հաուս»-ը չի հնանում, չի մարում և ամեն տարի արդիական է դառնում. Գարիկ Սեփխանյան
3 րոպեի ընթերցում

«Ֆուլ հաուս» սիրված հեռուստատեսային նախագիծը, որի հերոսներին երկրպագուները մինչ օրս հիշում են, Երևան կվերադառնա ներկայացման տեսքով. «Ֆուլ հաուս» ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Հանդիսատեսին խոստանում ենք լիաթոք ծիծաղ։ Նրանք կհիշեն իրենց սիրված կերպարներին, բայց՝ նոր իրավիճակներում։ Սցենարական աշխատանքի վրա շատ ենք աշխատել, որպեսզի մեր հանդիսատեսը գոհ հեռանա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է դերասան, ներկայացման սցենարի համահեղինակ, «Ֆուլ հաուս»-ում Ռուբենի դերակատար Գարիկ Սեփխանյանը։

Նրա խոսքով՝ այս անգամ ևս սցենարի վրա աշխատել են նույն կազմով՝ ինքը և Գրիգոր Դանիելյանը։ Ներկայացման ստեղծման համար նրանց ոգեշնչել է «Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմի հաջողությունը։
«Ամեն անգամ հասկանում ենք, որ «Ֆուլ հաուս»-ը չի հնանում, չի մարում, ամեն տարի նորից արդիական է դառնում։ Չգիտեմ՝ ինչի հաշվին է, բայց այդպես է։ Այդ փաստն ինձ ոգեշնչեց, և մենք որոշեցինք նորից հավաքվել ու մեր հանդիսատեսին արդեն ներկայացման ձևաչափով նոր բան մատուցել։ Իհարկե, ոգևորված ենք, որ հեռուստադիտողը շատ է հավանել ֆիլմը։ Այդ մասին փաստում է նաև դիտումների քանակը»,- նշում է նա։
Սեփխանյանը խոստովանում է՝ բավականին բծախնդիր է իր աշխատանքին մոտենում և նույնիսկ հաջողված նախագծերից հետո միշտ տեսնում է կատարելագործվելու հնարավորություն։ «Չեմ կարող ասել, որ արդյունքը գերազանցել է սպասելիքները։ Ֆիլմը հաջողված էր. և՛ սցենարը, և՛ նկարահանումը, և՛ դերասանական խաղը… Ըստ իս՝ ամեն ինչ, իդեալական էր, բայց, միևնույն է, ես միշտ մտածում եմ, որ դեռ աշխատելու տեղ կա։ Երբ սցենարիստը լիովին գոհ է լինում իր գրածից, վատ է։ Իմ կարծիքով՝ միշտ կարող է ավելի լավ լինել, միշտ կարելի է ավելի լավ անել։ Շատ դժվար է ամեն անգամ աշխատել շատ հաջողված նախագծից հետո։ Բնականաբար, կարող է այնպես ստացվել, որ մեր ամբողջ կյանքի ընթացքում չկարողանանք գտնել այնպիսի նախագիծ, որը կգերազանցի «Ֆուլ հաուս»-ը։ Գուցե ստեղծենք, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ «Ֆուլ հաուս»-ը մնացել է մարդկանց հիշողության մեջ, մինչ օրս շարունակվում են դիտումները։ Չգիտեմ՝ դա որքան կտևի, բայց հուսամ՝ երկար կյանք կունենա»,-ասում է դերասանը:
Անդրադառնալով Գոռ Հակոբյանի մասնակցությանը՝ Գարիկը նշում է, որ այս անգամ դերասանը հանդես կգա այլ ձևաչափով։ «Հանդիսատեսին շատ է ոգևորել նաև Գոռ Հակոբյանին պաստառների վրա տեսնելը։ Բնականաբար, հանդիսատեսը շատ լավ հասկանում է, որ Գոռը կյանքի կարևորագույն ու դժվար փուլում է, և նրա ներկայությունն այս ներկայացմանը կընդունվի ցանկացած ձևաչափով»,-ընդգծում է Գարիկ Սեփխանյանը:
Սեպտեմբերի 8-ից հետո նախագծի ստեղծագործական կազմը մեկնելու է ՌԴ, Եվրոպա, իսկ հյուրախաղերը կեզրափակվեն ԱՄՆ-ում։
«Ֆուլ հաուս» ներկայացման առաջին ցուցադրությունը կայացել է ԱՄՆ-ում։