Աշխարհ

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

2 րոպեի ընթերցում

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Փարիզում ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոյի անձնական իրերի աճուրդը կազմակերպիչներին գրեթե 1 միլիոն եվրո է բերել, ինչը գրեթե 20 անգամ գերազանցել է նախնական գնահատման արժեքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Guardian-ը։

Աճուրդի էին հանվել դերասանուհու՝ Սեն Տրոպեում և Փարիզում գտնվող տներից 285 իր, այդ թվում՝ հագուստ, աքսեսուարներ, կահույք, ինքնադիմանկարներ և երաժշտական ​​գործիքներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ վաճառքի նկատմամբ հետաքրքրությունն զգալիորեն գերազանցել է սպասելիքները. իրերի գնահատման արժեքը կազմել է շուրջ 50 000 եվրո։

Առավել թանկ լոտերի թվում էին շան երկու վզակապը, որոնք ռուս գնորդին վաճառվել են 9400 եվրոյով, ինքնադիմանկարը՝ 40 000 եվրոյով, գրամեքենա՝ 4600 եվրոյով և երկու կիթառ, որոնք վաճառվել են համապատասխանաբար 8600 և 1900 եվրոյով։

Հասույթը կուղղվի Բարդոյի հիմնադրած կենդանիների պաշտպանության ֆոնդին, ինչպես նաև նրա որդուն՝ Նիկոլա Ժակ Շարիեին։

«Այս վաճառքը տրամաբանական շարունակությունն է այն բանի, որը նա ինքն էր կազմակերպել 1987 թվականին՝ հիմնադրամը ստեղծելու նպատակով վաճառելով իր ամենաարժեքավոր իրերը, - հայտարարել է Բարդոյի հիմնադրամի կառավարիչ տնօրեն Գիսլեյն Կալմելսը։ - Այսօր նրա պայքարը շարունակվում է այս աճուրդի շնորհիվ»։

Բարդոյի ամուսինը՝ Բեռնար դ'Օրմալը, քննադատել է աճուրդը՝ այն որակելով անհարգալից վերաբերմունք դերասանուհու հիշատակի նկատմամբ։ AFP գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ դերասանուհու անձնական իրերը պետք է պահպանվեին որպես նրա ժառանգության մաս, և հավելել, որ Բարդոն «համաձայն չէր լինի այս վաճառքին»։

Բարդոն վախճանվել է 2025 թ. դեկտեմբերին՝ 91 տարեկանում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում