Ժամանց

«Ֆուլ հաուս» ֆիլմը շարունակություն կունենա

3 րոպեի ընթերցում

«Ֆուլ հաուս» ֆիլմը շարունակություն կունենա

«Ֆուլ հաուս» հեռուստանախագիծը, որի հիման վրա նկարահանված լիամետրաժ ֆիլմը, ջերմ ընդունելության է արժանացել, օրերս վերադարձել է ներկայացման տեսքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի սիրված հերոսները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես են եկել Full House Show ներկայացմամբ։

Նախագծի անդամները համախմբվել են մեկ բեմում, թեև ոչ ամբողջական կազմով․ այս անգամ ներկայացմանը ներկա չեն եղել Գոռ Հակոբյանն ու Քրիստինա Եղոյանը։ Ներկայացման ընթացքում ֆուլհաուսցիներն առողջություն են մաղթել Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին, որն այս պահին ծնողների հետ Գերմանիայում է, իսկ Քրիստինա Եղոյանի բացակայությունն աննկատ չի մնացել և կատակների առիթ է դարձել։

Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, կատակել է՝ նշելով, որ նույնիսկ հիսուն տարի անց Քրիստինան դեռ չի հասցնի լուծել իր «Ամերիկայի թղթերի» հարցը։

«Ֆուլ հաուս»-ն արդեն 10 տարվա պատմություն ունի։ Տարեսկզբին էկրան բարձրացած «Ֆուլ հաուս․ վայրէջք» ֆիլմը, ըստ պրոդյուսերի, ռեկորդային դիտումներ է ունեցել, ինչը, նրա խոսքով, ևս մեկ անգամ հաստատել է նախագծի արդիականությունն ու հանդիսատեսի հետաքրքրությունը։ Ավելին՝ հաջորդ տարի նախատեսվում է ֆիլմի շարունակությունը՝ արդեն ամբողջական կազմով։

Նոր շոու ծրագիրը պահպանել է «Ֆուլ հաուս»-ին բնորոշ հումորային ու զավեշտալի ձևաչափը՝ ներառելով նաև քաղաքական թեմաներին անդրադարձող դրվագներ։ Ֆուլհաուսցիները բեմում հայտնվել են տարբեր իրավիճակներում։ Հերոսները խաղացել են «Անհայտ բաժանորդ» ֆիլմից հայտնի խաղը, իսկ մեկ այլ դրվագում Մուշեղն ու Կամոն փորձել են գումար վաստակել՝ փողոցում երգելով։ Առանձնահատուկ են եղել նաև քաղաքական տարբեր գործիչների հետ նրանց «հանդիպումներն» ու վերջիններիս նվիրված երգերը։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ամեն ինչ արվում է չափի մեջ, և իրենք երբեք չեն անցնում սահմանը։ Երեկոյի ամենառոմանտիկ հատվածը, սակայն, ամուսնության անակնկալ առաջարկությունն է եղել, որը լրացուցիչ հուզական երանգ է հաղորդել ներկայացմանը։

Շոուն ավարտվել է «Ֆուլ հաուս»-ի խորհրդանշական երգով, որը Միհրան Ծառուկյանը կատարել է հանդիսատեսի ակտիվ մասնակցությամբ։

«Ֆուլ հաուս»-ի երևանյան հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Նոր շոու ծրագրով նախագիծը պատրաստվում է նաև մեկնել Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա և ԱՄՆ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում