90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը
11 րոպեի ընթերցում

Քչերս կարող էինք երևակայել, որ 1970-1990-ական թվականների դիսկո լեգենդները, որոնց երգերի ներքո իրենց երիտասարդությունն են անցկացրել մեր ծնողները, իսկ մենք՝ մանկությունը, մի օր կայցելեն Հայաստան:
Հայաստանում անցկացվող Retro Stars Fest փառատոնը բոլորիս նվիրեց այդ տոնը՝ սեպտեմբերի 20-ին մեկ հարթակում համախմբելով այնպիսի խմբերի, ինչպիսիք են Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ն ու Boney M-ը: Փառատոնն անցկացվեց «Ադանա» համալիրի հարակից բացօթյա տարածքում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խմբերի հիմնադիր արտիստները, բնականաբար, մեծացել էին, սակայն չէին կորցրել հրաշալի ձայնը, բացառիկ էներգիան, տարբեր սերունդներից բաղկացած հանդիսատեսի հետ անմիջական հաղորդակցվելու և միմյանց սեր փոխանցելու տաղանդը:
Մինչ ելույթ կունենային արտերկրից ժամանած հյուրերը բեմում էին 1990-ականների անվիճելի հայ աստղեր Լիլիթ Կարապետյանն ու Գրիշա Աղախանյանը: Նրանց էր միացել նաև երիտասարդ երգիչ Սիմոնը, որը ռետրո երաժշտության մեծ երկրպագու է:


Լիլիթ Կարապետյանը խոստովանեց՝ անչափ հուզված է, որ երկար տարիներ անց իրեն կապում են 90-ականների երաժշտության հետ և այժմ կրկին ներկայանալու է իր հանդիսատեսին, որին շատ է սիրում և շատ է կարոտել:

«Գիտեմ, որ նրանք էլ ինձ են սիրում, և ուրախ եմ, որ կարող եմ իմ երգերով նրանց մտովի տեղափոխել 1980-1990-ականների քաղցր ու հիանալի տարիներ: Այդ տարիների հետ կապված առաջին բառը, որ մտաբերում եմ, մաքրությունն է: Շատ բան հասանելի չէր, մարդիկ շատ բանից էին հեռու մնում և պահպանում էին մաքրությունը: Դժվար էր, մութ էր, ցուրտ էր, բայց կարոտով ու քաղցրությամբ եմ հիշում այդ շրջանը: Հավանաբար, բոլորն էլ ամեն բան կտային, որ կրկին ապրեին այդ կյանքը, բայց՝ այսօրվա խելքով: Այդ պարագայում ավելի հեշտ կհաղթահարեինք այդ դժվարությունները»,-ասաց երգչուհին:

Անդրադառնալով իր երգացանկի այն երգերին, որոնք յուրահատուկ է համարում՝ Կարապետյանը նշեց՝ ամեն երգ յուրահատուկ է, սակայն «Երկու քույր» երգն առանձնահատուկ է, որովհետև երգել է «Մեր բակը» ֆիլմի ընթացքում, և այն կարևոր հետք է թողել երգչուհու կյանքում և արվեստում, «Կարապի սերը» երգի ներքո շատերն են սիրահարվել, ամուսնացել:
«Ինձ համար շատ թանկ է նաև «Տանգո» երգը, որովհետև այն իմ եղբոր վերջին երգն էր, որը նա չհասցրեց գործիքավորել: Դա առաջին երգն էր, որի վրա մենակ եմ աշխատել, և այն ինձ համար շատ թանկ է»,-պատմեց Կարապետյանն ու փառատոնի շրջանակում կատարեց վերոնշյալ բոլոր երգերը՝ հուզմունք պատճառելով հանդիսատեսին:

1990-ականների մի շարք հիթեր կատարեց Սիմոնը: Նա նկատեց, որ իրեն շատ «հարմարավետ» է զգում այդ ոճում:
«Շատ եմ սիրում What Is Love, It’s My Life, Macarena և այդ շրջանի մի շարք այլ երգեր, որոնք չեն հնանում, չեն մոռացվում: Ներկայիս Հայաստանում լայնամասշտաբ միջոցառումներ շատ են անցկացվում և սպասելի էր, որ մեկ բեմում ելույթ կունենամ նման արտիստների հետ»,-ընդգծեց երգիչը:
Mr. President խմբի ռեփեր Դելռոյ Ռենալսին ոգևորեց այն փաստը, որ Հայաստանում կազմակերպվող հարսանեկան և այլ խնջույքների ժամանակ մինչ օրս հնչում է Coco Jamboօ հիթը: Ասաց՝ երբ առաջին անգամ լսել է երգի անունը, զարմացել է, այն, մեղմ ասած, իրեն դուր չի եկել:

«Երբ երաժշտությունը լսեցի, մտածեցի՝ այն լավն է, բայց երգի անունն ինձ դուր չեկավ, սակայն ասացին, որ չեն փոխելու վերնագիրը: Երգեցի, հավանեցին և պարզվեց, որ նաև ռեփ պետք է կատարեմ: Մտածեցի՝ ես նույնիսկ չգիտեմ՝ Coco Jamboo ինչ է և հիմա պետք է ռե՞փ գրեմ: Իսկապես չէի ուզում դա անել, բայց ձայնագրությունից մոտ 15 րոպե առաջ գրեցի ռեփի հատվածը, մտա ստուդիա ու ձայնագրեցի։ Ասացին․ «Վա՜յ, հիանալի է»: Պատասխանեցի. «Ի՞նչն է հիանալի, ընդամենը 15 րոպեում եմ գրել»։ Ինձ հավաստիացրին, որ ստացվել է այն, ինչ ցանկանում էին: Նշեցին, որ իմ կատարած առաջին տարբերակը կատարյալ է, և հենց դա էլ օգտագործելու են ձայնագրության մեջ: Շատ զարմացա, բայց այնքան էլ համոզված չէի, մինչև տեսահոլովակը նկարահանեցինք։ Գնացինք Վենեսուելա և բարձր լեռներում գտնվող մի գյուղում նկարահանեցինք այն: Գյուղի բոլոր բնակիչները դուրս եկան, ու մտածեցինք․ «Գրողը տանի, մեզ սպանելու են»։ Նրանք ցանկանում էին մասնակցել նկարահանումներին, և մենք սիրով ընդառաջեցինք»,-պատմեց ռեփերը:
Նա կարծում է՝ 90-ականների երաժշտությունն առանձնահատուկ հմայք ունի։

«Այդ ժամանակ երկու անցում տեղի ունեցավ։ Առաջինն անալոգայինից թվային տեխնոլոգիաների անցումն էր։ Թվային տեխնոլոգիաները հեշտացրին աշխատանքը, և մարդիկ ավելի շատ փորձարկումներ անելու հնարավորություն ստացան։ Երկրորդն այն էր, որ Եվրոպան հանկարծ ավելի մեծացավ։ Պատ կար, չէ՞. Գերմանիան բաժանող պատը։ Այդ պատը քանդվեց, և շատ մարդկանց համար Եվրոպա գալու ճանապարհ բացվեց։ Դրանով էլ սկսվեց 90-ականների վերելքը։ Ըստ իս՝ այսօր մարդիկ սիրում են հիշել լավ ժամանակները, իսկ 90-ականները դրանց մի մասն էին։ Ահա թե ինչու են մարդիկ շարունակում կապված մնալ այդ ժամանակաշրջանին»,-ասաց Դելռոյ Ռենալսն ու հավելեց՝ ապագայի դեպքում չգիտես՝ ինչ է լինելու. միշտ սպասման զգացում կա, իսկ երբ սպասում ես մի բանի՝ չիմանալով, թե ինչ է լինելու, որոշակի անհանգստություն ես զգում։

«Անցյալը գիտես, կարող ես կառչել դրանից, նորից ու նորից վերապրել այն ու պահել քեզ հետ»,-շեշտեց ռեփերն ու շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին՝ իրենց երաժշտությունը սիրելու համար:

Dr. Alban խմբի մենակատար Ալաբն Ուզոմա Նուապան շատ տարիներ առաջ է հյուրընկալվել Հայաստանում և, ինչպես ինքն է ասում, հրաշալի ժամանակ է անցկացրել, ուստի սիրով է ընդունել մեր երկիր վերադառնալու հրավերը:

Ալբանը խմբի, հավանաբար, ամենահայտնի երգի` It’s My Life-ի ոչ միայն կատարողն է, այլև հեղինակը:
«Դա իմ գրած երգն է, որը, կարծում եմ, բոլորն են զգում։ Յուրաքանչյուր ոք կարող է իրեն գտնել այդ երգում։ Մարդիկ՝ եղբայրդ կամ քույրդ, մայրդ, հայրդ, հորեղբայրդ, մորեղբայրդ, հորաքույրդ կամ մորաքույրդ, միշտ ասում են քեզ, թե ինչ պետք է անես։ Մարդիկ անընդհատ ասում են՝ սա արա, այն արա, իսկ դու պատասխանում ես. «Դադարե՛ք մարդկանց ասել՝ ինչպես տնօրինեն իրենց գործերը։ Դա իրենց գործն է, և իրենք անում են այնպես, ինչպես ցանկանում են»։ Եթե երեխա ես, այլ հարց է, բայց եթե չափահաս ես, ամեն ինչ անում ես այնպես, ինչպես ինքդ ես ուզում։ Ահա այդպես ծնվեց այս երգը»,-հիշեց նա:

Ըստ Ալբանի՝ շատերի հայրերն ու մայրերը մեծացել են դիսկո երաժշտությամբ, և այդ մեղեդիները հրաշալի են ի տարբերություն այսօրվա, երբ ամեն ինչ արհեստական բանականությամբ է ստեղծվում։
«Երգ ես լսում, արհեստական բանականություն է։ Ուղղակի խելագարություն է։ Ահա թե ինչու եմ կարծում, որ դա շատ, շատ կարևոր է։ Արհեստական բանականությամբ ստեղծված շատ բան կա, բայց ես նման բան չէի անի, ո՛չ»,-վստահեցրեց նա:

Փառատոնի զարդն էր Boney M խումը, որի ելույթով էլ եզրափակվեց Retro Stars Fest-ը: Խումբը կատարեց Daddy Cool, Rasputin, One Way Ticket և մի շարք այլ հիթեր, որոնք հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց:

Boney M-ի մեներգչուհի Շեյլա Բոնիքը կարծում է՝ խմբի հաջողության համար պետք է շնորհակալություն հայտնել ոչ այնքան խմբի անդամներին, որքան պրոդյուսեր Ֆրենկ Ֆարիանին, որն այնքան խելացի է եղել, որ ստեղծել է երգեր, որոնք հոգեհարազատ են ցանկացած մարդու՝ անկախ տարիքից, հավատքից, մաշկի գույնից կամ նախասիրություններից։

«Այդ երգերը երջանկություն են պարգևում։ Հենց լսում ես, անմիջապես ուրախանում ես, ուզում ես ցատկել, պարել ու պարզապես սեր տարածել։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է աշխարհի համար։ Երբ կատարում ենք մեր երգերը, միշտ հաճույք ենք ստանում։ Երբ տեսնում ես հանդիսատեսին, այն երջանկությունը, որ երաժշտությունն է պարգևում, ուրախությամբ լի դեմքերը, յուրաքանչյուր երգ կարծես առաջին անգամ ես կատարում։ Անկեղծ եմ ասում՝ հենց այդպիսի զգացողություն է»,-ասաց երգչուհին:
Նրա խոսքով՝ ամեն ինչ պտտվում ու վերադառնում է։ Վստահ է՝ շատ բան ստեղծագործական մոտեցումից է կախված. կարող ես վերցնել հին գաղափարն ու, եթե ստեղծագործ միտք ունես և լավ երաժշտական պրոդյուսեր ես, միշտ այն վերամշակելու ձև գտնել ճիշտ այնպես, ինչպես թափոններն են վերամշակում՝ պլաստիկը և այլ բաներ։
«Boney M-ի երգերի առավելություններից մեկն այն է, որ դրանք բավականաչափ պարզ են, և միշտ կարելի է նորովի մշակել»,-ասաց Բոնիքը:

Մինչ փառատոնի մեկնարկը Retro Stars Fest-ի կազմակերպիչ Unity Production-ի համահիմնադիր, տնօրեն և պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանն էլ վստահեցրեց, որ ռետրո երաժշտությունը մեր օրերում շատ թրենդային է:
«Շատ աստղերի բազմաթիվ երգեր, մերօրյա հիթեր կառուցվում են հենց ռետրո երաժշտության հիման վրա: Հավանաբար, պատճառն այն է, որ ռետրո երգերը մեղեդային են և նոստալգիկ: Մեզ մոտ ռետրո երաժշտության մեծ միջոցառման բաց կար. փոքրամասշտաբ միջոցառումներ եղել են, սակայն նման ծավալի համերգ, որին կմասնակցեն նաև 90-ականների աստղեր, չէր եղել»,-նշեց նա և ընդգծեց, որ Retro Stars Fest-ը կրում է Disco Legends խորագիրը: Շեշտը դրել են 1990-ականների վրա: Այդ շրջանի հայտնի դիսկո արտիստների մի ամբողջ ցանկ են ունեցել, որից ընտրել են ամենահայտնի արտիստներին:
«Զարմանալի էր, բայց արտիստները գրեթե ազատ օրեր չունեն, քանի որ շատ են շրջագայում և բավականին բարդ էր այնպես անել, որ նրանք նույն օրը կարողանային հանդես գալ Հայաստանում, բայց սեպտեմբերի 20-ը ստացվեց»,-ասաց Մհերյանն ու հաճույքով տեղեկացրեց, որ փառատոնը շարունակական կլինի:
Փառատոնին ներկա էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնցից շատերը ռետրո հագուստ էին կրում և պարում էին այնպես, ինչպես իրենց հայրերն ու մայրերը շատ տարիներ առաջ: Նրանք վստահեցրին՝ փառատոնի շարունակական լինելու դեպքում անպայման կվերադառնան Հայաստան:
