Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
1 րոպեի ընթերցում

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի Եվրամիություն մեկնելու հնարավորությանը ևս մեկ քայլով են մոտեցել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարթա Կոսն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն։ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կնպաստի սահմանային ստուգումների արագացմանն ու ճամփորդությունների դյուրացմանը։ Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին, և մենք այդ ընտրությունը կյանքի ենք կոչում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների»,– գրել է Կոսը։
Հիշեցնենք, որ Հայաստանում նոյեմբերի 1-ից գործարկվել է կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգը։ Կենսաչափական համակարգի ներդրումը Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման կարևոր բաղադրիչներից մեկն է։ Հայաստանն այս պահին միակ երկիրն է, որը Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեջ է։