Քաղաքականություն

Վիլեն Գաբրիելյանը Շաքիի դեպքը սահմանային վերահսկողության համակարգային խնդրի վկայություն չի համարում

3 րոպեի ընթերցում

Վիլեն Գաբրիելյանը Շաքիի դեպքը սահմանային վերահսկողության համակարգային խնդրի վկայություն չի համարում

Շաքիի միջադեպը սահմանային վերահսկողության համակարգային խնդրի մասին չի վկայում, սակայն սահմանային գոտում առկա խնդիրները պետք է վերլուծվեն և շտկվեն՝ նման դեպքերի ռիսկերը նվազեցնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը՝ Շաքիի դեպքի վերաբերյալ փակ քննարկումից հետո։

«Ոչ, այս դեպքը չի խոսում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանի հետ կապված կա համակարգային խնդիր։ Անշուշտ, այնուամենայնիվ, սահմանային գոտում մենք խնդիրներ ունենք։ Գերատեսչությունների մեր գործընկերները, իհարկե, ընդունում են, որ մենք ունենք խնդիրներ։ Եվ մեր խնդիրը հենց դա է՝ եղած դեպքի վերաբերյալ արձանագրել խնդիրները, այդ խնդիրները վերլուծել և այդ խնդիրները շտկել, որպեսզի հնարավորինս կարողանանք նմանատիպ դեպքերը զսպել կամ ռիսկերը կառավարել»,- նշել է Գաբրիելյանը։

Հանձնաժողովի նախագահը չի բացառել նման միջադեպերի կրկնվելու հնարավորությունը։ Նրա գնահատմամբ՝ ռիսկերի նվազեցման տեսանկյունից կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը։

«Հայաստանի Հանրապետության սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ հատման մասում ամբողջովին սահմանազատված չէ, և կարծում եմ՝ մեր հիմնական ջանքը պետք է ներդնել նրա համար, որպեսզի հնարավորինս սահմանազատման գործընթացն արագ վերսկսենք և հասցնենք ավարտի»,- ասել է նա։

Գաբրիելյանը շեշտել է, որ սահմանային վերահսկողություն իրականացվում է, իսկ առկա խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ է համատեղ աշխատանք։

Նրա խոսքով՝ փակ հանդիպման ընթացքում քննարկվել է բացառապես Շաքիի դեպքը՝ ներառյալ սահմանն անցնելու հանգամանքներն ու տեղեկություն ստանալուց հետո պետական մարմինների գործողությունները։

Քննարկմանը մասնակցել են պաշտպանության և ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենն ու Քննչական կոմիտեի նախագահը։

Հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք էր գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Վիրավորվել էր 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի։ Մարմնական վնասվածքներով բուժօգնության էին դիմել նաև նրա երկու երեխաները․ մեկի մոտ արձանագրվել էր աջ դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։ Հոկտեմբերի 2-ին ՔԿ-ից հայտնել էին, որ Մուսաևը կալանավորվել է երկու ամսով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում