Քաղաքականություն

ԱԺ-ում փակ ձևաչափով քննարկվել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում փակ ձևաչափով քննարկվել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպը

Ազգային ժողովում նոյեմբերի 5-ին փակ ձևաչափով քննարկում է տեղի ունեցել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկումը։

Հանդիպմանը հրավիրված են եղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

Հանձնաժողովի հաղորդագրությունում քննարկման բովանդակության և արդյունքների վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել։

Հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք էր գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Վիրավորվել էր 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի։ Մարմնական վնասվածքներով բուժօգնության էին դիմել նաև նրա երկու երեխաները․ մեկի մոտ արձանագրվել էր աջ դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։ Հոկտեմբերի 2-ին ՔԿ-ից հայտնել էին, որ Մուսաևը կալանավորվել է երկու ամսով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում