Հայաստան

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 3.4 մլրդ դրամով

2 րոպեի ընթերցում

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 3.4 մլրդ դրամով

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը 2027 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 22 մլրդ 515 մլն դրամ, որը 3 մլրդ 389 մլն դրամով ավելին է ընթացիկ տարվա հատկացումից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարությանը հատկացվող միջոցներից 480 մլն դրամը կուղղվի կապիտալ ծախսերին:

Նախարարը ներկայացրեց նաև հաջորդ տարի Եվրոպական միության երկրների աջակցությամբ իրականացվելիք նպատակային ծրագրերի ցուցանիշները:

«2027 թվականի բյուջեով նախատեսվել է 41 մլրդ 809 մլն դրամի ծրագրերի իրականացում, որից 7 մլրդ դրամը համաֆինանսավորվում է Կառավարության կողմից, 34 մլրդ դրամը տրամադրվում է տարբեր կառույցների կողմից։ Այս ծրագրերն իրականացվում են ոռոգման համակարգի առողջացման, կոշտ թափոնների կառավարման, ճանապարհային ցանցի բարելավման, ջրամատակարարման և ջրահեռացման, քաղաքային զարգացման, տարածքային զարգացման, անցակետերի արդիականացման, էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում:»,- ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը նշեց՝ Եվրասիական տնտեսական միության հետ իրականացվող ծրագրերի ծավալը ևս 41 մլրդ դրամ է, որն ամբողջությամբ վերաբերում է ճանապարհային ցանցի բարելավմանը:

«Քաջարան-Ագարակ ճանապարհի և թունելի կառուցման աշխատանքները ֆինանսավորվում են վարկային ծրագրով և այստեղ ունենք 19 մլրդ դրամի ֆինանսավորում և 21 մլրդ դրամի համաֆինանսավորում Կառավարության կողմից»,- նշեց ֆինանսների նախարարը:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում