ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերն ու առաջարկությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ընդգծել է, որ հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումները հանդիսանում են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնասյուները, որոնց առանցքային նպատակն է ապահովել հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումը, տնտեսության փաստաթղթաշրջանառության և թափանցիկության ապահովումը:
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխությունների հայեցակարգը միտված է հարկման համակարգերի արդյունավետ հարաբերակցությանը: Այս համատեքստում, ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է խթանել փոքր բիզնեսի զարգացումը՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով հարկային արդարությունն ու հավասար մրցակցային պայմանները։
Հանդիպմանը ծավալվել է քննարկում հարկման համակարգերին և գործարքների սխեմաներին, հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումներին, հարկային կարգապահության և փոխկապակցվածության հստակ չափանիշների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կայուն տնտեսական աճին ուղղված եկամուտների քաղաքականության իրականացման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման կարևորությունը և հանձնարարել հետևողականորեն շարունակել վերոնշյալ ուղղություններով աշխատանքները։