Գերմանիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայում արագ հրադադարի հաստատման քիչ հեռանկար է տեսնում
1 րոպեի ընթերցում

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը քիչ հիմքեր է տեսնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև արագ հրադադար ակնկալելու համար՝ չնայած հաջորդ շաբաթ Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններին, որոնց կմասնակցեն Միացյալ Նահանգները, Ուկրաինան և Ռուսաստանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BGNES գործակալությունը։
Պիստորիուսը նշել է, որ հրադադարի հեռանկարները մեծապես կախված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետագա քայլերից։
«Վերջին մի քանի ամիսների իրադարձությունները հույս ունենալու հիմք չեն տալիս, թե Թրամփի մոտեցումը արագորեն կհանգեցնի հրադադարի, էլ չենք խոսում խաղաղության մասին»,-ասել է Պիստորիուսը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք կբերվի առանց Ուկրաինայի մասնակցության կամ նրա հաշվին, անընդունելի կլինի։
Գերմանիայի պաշտպանության նախարարը շեշտել է, որ այդ դիրքորոշումը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև եվրոպական երկրներին, որոնց անվտանգային շահերը պետք է հաշվի առնվեն։