Եվրոպա

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

2 րոպեի ընթերցում

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Ֆինլանդիայի իշխանությունները պատրաստվում են էլ ավելի խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի պայմանները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, վարչապետ Պետերի Օրպոն հայտնել է ռուսաստանցիների մուտքի վրա լիակատար արգելք սահմանելու հնարավորության մասին։

Կառավարության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օրպոն նշել է, որ նման քայլը կլինի հետևողական որոշում։

Վարչապետը հավելել է, որ Ֆինլանդիան սահմանափակում է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը 2022 թվականից՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Այլ միջոցառումների շարքում, Ֆինլանդիայի իշխանությունները դադարեցրել են տուրիստական ​​վիզաների տրամադրումը ռուսներին։

«Մենք այժմ ցանկանում ենք մերժել ռուսաստանցի պրոֆեսիոնալ մարզիկների մուտքը Ֆինլանդիա»,-ասել է Օրպոն։

Միևնույն ժամանակ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հայտնել է, որ իր նախարարությունը անհապաղ կպատրաստի փոփոխություններ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերաբերյալ կառավարության նախկին որոշման մեջ։

Նոյեմբերի կեսերին Հելսինկիում տեղի կունենան NHL-ի երկու հանդիպումներ, որոնց, ինչպես սպասվում է, կմասնակցեն ռուս հոկեյիստներ։ Դրանից հետո Ֆինլանդիայի մայրաքաղաքը կհյուրընկալի գեղասահքի «Finlandia Trophy» մրցաշարը, որին նույնպես նախատեսված է ռուս մարզիկների մասնակցությունը։ Նոյեմբերի վերջին Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող Ռուկա լեռնադահուկային հանգստավայրում կանցկացվի դահուկավազքի աշխարհի գավաթի փուլը, որին մտադիր են մասնակցել նաև ռուս մարզիկները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում