Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ վարչակազմը մտադրություն չունի վերանայելու իր տնտեսական քաղաքականությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է փոխենք տնտեսական քաղաքականությունը: Այս քաղաքականությունն աշխատում է», - ասել է Հասեթը Bloomberg TV-ին։
Նա վստահություն է հայտնել, որ դեմոկրատների հաղթանակը կասկածի տակ չի դրել նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Ավելին, խորհրդի տնօրենը նշել է, որ նախագահը կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը։
Հասեթի խոսքով՝ վարչակազմի միջոցառումները հանգեցրել են երկրում հոկտեմբերին 165,000 աշխատատեղերի ստեղծմանը: Նա խոստովանել է, որ դեմոկրատների հաղթանակը կարող է խաթարել ստեղծված դրական իմպուլսը: «Կարծում եմ՝ նրանք դժվարությամբ կչեղարկեն բոլոր այն հիանալի բաները, որոնք ստեղծել են ուժեղ աշխատաշուկա, քանի որ նախագահը վետո է դնելու այդ ջանքերի վրա», - հավելել է Հասեթը։