Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ժանդարմերիան գտել է հարավում գտնվող Մուժեն քաղաքից գողացված՝ նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոյի վեց փորագրանկարները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները։
«Պիկասոյի վեց փորագրանկարները, որոնք հոկտեմբերի լույս 3-ի գիշերը գողացել էին Մուժենում, հայտնաբերվել են»,- հայտնել են իրավապահները։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փորագրանկարները գողացել էին «Ամանդիե» ռեստորանից։ Հանցագործները երեքն են եղել, իսկ կողոպուտը տևել է մոտավորապես 15 րոպե։ Արվեստի գործերի արժեքը գնահատվում է ավելի քան 100 հազար եվրո։
Գործի շրջանակում ձերբակալվել է յոթ մարդ։
Մուժեն կոմունայում նկարիչն անցկացրել է իր կյանքի վերջին տարիները։