Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը
3 րոպեի ընթերցում

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա երաժշտության և գիտության եզակի փառատոնի՝ STARMUS-ի («Սթարմուս») շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նորությունը հայտնել են փառատոնի կազմակերպիչները։
Արդեն 8-րդ անգամ կազմակերպվող փառատոնը տեղի է ունենալու 2026 թվականի հոկտեմբերի 17-22-ին՝ Իսպանիայի Տեներիֆե և Լա Պալմա կղզիներում։

Անդրեա Բոչելին ելույ է ունենալու փառատոնի բացման և մեդալների հանձնման արարողության ժամանակ։ Բեմում կլինեն նաև լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը, անգլիացի սոպրանո Սառա Բրայթմանը և այլ հայտնի ու սիրված երաժիշտներ։
«Նրանք միասին կտոնեն դասական երաժշտությունն ու ռոքը միավորելու հարատև ավանդույթը՝ երաժշտական մի ժառանգություն, որը ձևավորվել է Լուչիանո Պավարոտիի, Մոնսերատ Կաբալիեի, Ֆրեդի Մերկուրիի և բազմաթիվ այլ լեգենդների անմոռանալի համագործակցությունների շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ։
8-րդ փառատոնն անց է կացվելու «Ճշմարտության փնտրտուքը» խորագրի ներքո։
Թեպետ STARMUS VIII-ի մասնակիցների ցանկը դեռևս չի հրապարակվել, սակայն նախորդ տարիների փառատոնները մշտապես աչքի են ընկնում քննարկվող թեմաների բազմազանությամբ և բանախոսների բացառիկությամբ։ Նախկին փառատոններին իրենց մասնակցությունն են բերել լուսնագնացներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակիրներ, ականավոր գիտնականներ և աշխարհահռչակ երաժիշտներ։
Այս տարվա միջոցառման ընթացքում առաջին անգամ շնորհվելու է երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլի անվան մեդալ։ Փառատոնի համահիմադիր Գարիկ Իսրայելյանը 2025 թվականի դեկտեմբերին հայտնել էր, որ մեդալը, որը կոչվելու է Ջեյն Գուդոլի Երկրի մեդալ (Jane Goodall Earth Medal), տրվելու է մարդկանց, ովքեր ջանքեր են գործադրում և իրենց ձայնը միշտ լսելի են դարձնում մեր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ։ Ջեյն Գուդոլը, ով կյանքից հեռացավ 2025 թվականին, STARMUS-ի խորհրդատվական խորհրդի անդամ էր։
Փառատոնի շրջանակում ամեն տարի շնորհվում է նաև Սթիվեն Հոքինգի մեդալը, որը տրվում է գիտությունը հանրայնացնողներին (Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Անցնող տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, Queen խմբի անդամ, երաժիշտ և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը և այլոք։
STARMUS-ի առաջին փառատոնը կազմակերպվել է 2011 թվականին։ Փառատոնի համահիմնադիրներն աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյն են։
2022 թվականին փառատոնն առաջին անգամ կազմակերպվել էր Հայաստանում։
