Շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդիսատեսին կներկայանա հայկական էթնո ջազի յուրահատուկ մշակումներով
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նյու Ջեներեյշն փրոջեքթի» նախաձեռնությամբ մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Էթնո ջազ» խորագրով համերգը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նյու Ջեներեյշն փրոջեքթ»-ից, համերգի ընթացքում շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդիսատեսին կներկայանա հայկական էթնո ջազի ամենայուրահատուկ մշակումներով։
Հանդիսատեսին սպասվում է վառ ու անմոռանալի երեկո: Authentic Light Orchestra-ն հիմնադրվել է հայկական արմատներով շվեյցարացի մուլտիինստրումենտալիստ Վալերի Տոլստովի կողմից 2009 թվականին՝ նպատակ ունենալով համատեղել տարբեր երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ջազը, համաշխարհային, կինոերաժշտությունը, հայկական ժողովրդական և դասական երաժշտության տարրերը: Ապրիլի 26-ին՝ համերգին ընդառաջ, տեղի ունեցավ համերգի կազմակերպիչների, երաժշտական կազմի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Authentic Light Orchestra-ի երաժշտական ղեկավար Վալերի Տոլստովի խոսքով խմբի գլխավոր մարտահրավերը ֆոլկլորային երաժշտության վերաբերյալ թարմ հայացք ստեղծելն է, նոր երաժշտական լեզու գտնելը և Authentic Light Orchestra-ի նոր տարբերվող ձայնը: Արդեն իսկ Հայաստանում եղել են համերգներով և վստահ կարող եմ ասել, որ խումբը սիրվել է հայ հանդիսատեսի շրջանում։ Մայիսի 2-ին կայանալիք համերգի մասնակիցների թվում են՝
- Վալերի Տոլստով /Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն
- Եվգենի Լեբեդև /ՌԴ /դաշնամուր
- Անտոն Ռևնուկ /ՌԴ /բաս, կոնտրաբաս
- Արման Մնացականյան /հարվածային գործիքներ
- Միքայել Ոսկանյան /թառ
- Գրիգոր Ասրունց-Քարտաշյան /դուդուկ, բլուլ, զուռնա
- Հայկ Գրիգորյան /շեփոր
- Աստղիկ Վարդանյան /առաջին ջութակ
- Գոհար Պապոյան /երկրորդ ջութակ
- Աստղիկ Գաժոյան /ջութակ
- Արտյոմ Մանուկյան /թավջութակ։
Համերգի հատուկ հյուրն է՝ Գոռ Սուջյանը
Ըստ աղբյուրի՝ համերգին կմասնակցեն նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, խմբավար՝ Էմմա Առաքելյան: Թմբկահար Արման Մնացականյանը մեծ սիրով է ընդունել համերգին մասնակցելու առաջարկը, նա խմբի հետ համագործակցելու է առաջին անգամ և հուսով է, որ խմբի հետ համագործակցությունը կլինի շարունակական։
«Համերգի գաղափարը ծագել է հաշվի առնելով նախորդ ջազ համերգների բուռն արձագանքը, և վստահ կարող ենք ասել, որ սպասվում է յուրահատուկ, էթնո ջազին բնորոշ վառ երեկո։ Ջազ համերգներից հետո մեր կողմից կազմակերպված առաջիկա համերգները արդեն իսկ ունեն լավ ու դրական արձագանք»,- մշել է «Նյու Ջեներեյշն» նախագծի հիմնադիր Շմավոն Գրիգորյան։
Նրա խոսքով՝ մայիսի 2-ին կայանալիք համերգից հետո հաջորդ համերգը նախատեսված է հունիսի 8-ին. Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առթիվ հանդիսատեսին են ներկայացվելու «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը։
Հուլիսի 19-ին նախագծի հրավերով առաջին անգամ Հայաստանում ելութ կունենա ՚՚Queen Sensation'' խումբը, իսկ օգոստոսի 9-ին բացառիկ «Վիվալդի DJ» խորագրով համերգը կներկայացվի, որը իր տեսակով բացառիկ է և առաջին անգամ է նման ծրագիր ներկայացվում Հայաստանում։