Մշակույթ

Երգչախումբը «շնչող օրգանիզմ» է. խմբավար Հասմիկ Վարդանյանը պատմում է «Երևանի ձայների» անցած ու գալիք ուղու մասին

5 րոպեի ընթերցում

Երգչախումբը «շնչող օրգանիզմ» է. խմբավար Հասմիկ Վարդանյանը պատմում է «Երևանի ձայների» անցած ու գալիք ուղու մասին

«Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախմբի ապագան երաժշտագետ-խմբավար Հասմիկ Վարդանյանը ցանկանում է տեսնել միջազգային ասպարեզներում՝ ավելի ընդլայնված համագործակցությամբ։ Այն արդեն պատրաստվում է նոր միջազգային փառատոնների, որի մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է խմբավար Հասմիկ Վարդանյանը։

«Ունենք մի քանի միջազգային հրավեր՝ Սանկտ Պետերբուրգից, նաև՝ Իտալիայից՝ մասնակցելու «Montecatini Choral Festival»-ին, որին 100-120 երկրների երգչախմբեր են մասնակցելու»,-մանրամասնում է Հասմիկ Վարդանյանը։

«Երևանի ձայներ» կանաց կամերային երգչախումբը հիմնադրվել է 1993 թվականին՝ Հասմիկ Վարդանյանի կողմից։ Մեծ ոգեշնչումը և գեղագիտական ճաշակը Հասմիկ Վարդանյանը ստացել է տաղանդավոր խմբավար Արթուր Վերանյանից, որի երգչախմբի անդամ է եղել տասնյակ տարիներ։ Հենց Արթուր Վերանյանն էլ եղել է իր առաջին ուսուցիչը։ Նրա խոսքով՝ իր ուսուցչից ժառանգել է երաժշտական ստեղծագործությունների հանդեպ յուրահատուկ մոտեցում, յուրօրինակ վոկալ-դպրոց և մեկնաբանության ինքնատիպ մոտեցումներ։

«Չենք կարող անտեսել Արթուր Վերանյանի ավանդը խմբերգային երաժշտության բնագավառում, որովհետև նա Հայաստանում հիմնադրել է ավանգարդ կատարումներ և բավական համարձակ կերպով ունկնդրին նոր ստեղծագործություններ է ներկայացրել»,-մանրամասնում է Հասմիկ Վարդանյանը։

Հիմա երգչախմբի երրորդ սերունդն է հանդես գալիս կատարումներով։ Նախորդ սերունդները իրենց գործունեության ընթացքում ունեցել են բազմաթիվ հաջողություններ․ 1997 թվականին Ֆրանսիայի Բրիվ քաղաքում կայացած մրցույթից խումբը վերադարձել է լավագույն կատարման համար ստացած դիպլոմով, նաև մասնակցություն է ունեցել համամիութենական և տեղական երգչախմբային փառատոնների։

«Երևանի ձայները» կանանց երգչախումբ է, ինչը, Հասմիկ Վարդանյանի խոսքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ իր գործունեության ամբողջ ընթացքում միայն կանանց երգչախմբի հետ է աշխատել՝ և՛ որպես կատարող, և՛ որպես խմբավար՝ ձևավորվելով այդ մշակույթի մեջ։

Գաղափարային իմաստով երգչախմբի համար կարևոր է հայկական երաժշտության հանրահռչակումը։ Շատ կարևոր է հայկական ինքնության պահպանությունը, և, ըստ երաժշտագետ-խմբավարի, երաժշտությունը, ինչպես և լեզուն, ազգի ինքնությունը կրողն է։ Կոմիտասը երգչախմբի երգացանկի կարևորագույն հատվածներից է․ նա եղել է երաժշտագետ, գիտնական, կոմպոզիտոր և բանահավաք և, գրի առնելով գեղջկական երգերը, ապացուցել է, որ հայկական երաժշտությունը ինքնուրույն է, ինքնատիպ և իր մեջ չի կրում այլ ազգերի երաժշտություն։

«Կոմիտասը ստեղծեց բազմաձայնության նոր համակարգ, որը շատ մոտ էր մեր լեզվամտածողությանը և բանահյուսությանը։ Նա էր, որ գտավ այն ճիշտ թելը, թե ինչպես կարելի է հայ երաժշտությունը միջազգային հանրությանը ճիշտ կերպով՝ ճանաչելի և հասկանալի ներկայացնել։ Միջազգային փառատոնների ժամանակ, երբ Կոմիտաս էինք կատարում, անընդհատ առաջին հորիզոնականն էինք զբաղեցնում։ Դրա պատճառով էլ մեզ խնդրում էին Կոմիտաս չկատարել, քանի որ այն անգերազանցելի է»,- նշում է Հասմիկ Վարդանյանը։

Կալիֆորնիայի համալսարանի կազմակերպած Գյուրջիևյան միջազգային գիտաժողովին ելույթ ունենալը, ըստ խմբավարի, երգչախմբի համար կարևորագույն միջոցառում է եղել։ Գեորգի Գյուրջիևը, լինելով միստիկ փիլիսոփա, հեղինակել է պիեսներ, որոնք էլ երգչախումբը կատարել է՝ ներկայացնելով յուրովի մոտեցմամբ։ 2000-ականներին «Երևանի ձայներ»-ը եղել է միջազգային խմբերգային ասոցիացիայի անդամ․ այդ ժամանակ ստացել է բազմաթիվ հրավերներ՝ միջազգային փառատոններին մասնակցելու։

Երգչախումբը չունի պետական կարգավիճակ, ինչը բարդացնում է ֆինանսական հատվածը։ Մի խումբ երաժշտասեր և արվեստասեր մարդիկ են օժանդակում երգչախմբին՝ առաջարկելով մասնակցություն տարբեր միջոցառումների։ «Իմ քայլը» հիմնադրամի հետ ևս ակտիվ համագործակցություն կա՝ տարբեր բանախոսությունների ժամանակ փոքր երաժշտական ընդմիջումներ անելով։

«Ներկա պահին երգչախմբի գերխնդիրը ֆինանսական ապահովություն ունենալն է, ինչը կնպաստի համագործակցությունների ավելի լայն շրջանակի։ Միջազգային պրոդյուսեր ունենալը ևս հիմնային է։ Ես մեծ նպատակ ունեմ նաև երգչախմբին միջազգային ասպարեզ հանելու, օտար հանդիսատեսին ներկայացնելու և երգչախմբին երկար ու անխափան ընթացք ապահովելու»,-հավելում է Հասմիկ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ երգչախումբը «շնչող օրգանիզմ» է։ Անընդհատ դադարներ անելիս տպավորություն է, որ այն քնում է, հետո՝ նորից զարթնում։ Եվ հենց այդ դադարներից հետո էլ ստիպված է լինում ամեն ինչ սկսել զրոյից։ Երգչախումբն արդեն գործում է երեսուն տարուց ավելի՝ չնայած ընդմիջումներից հետո մեծ ջանքերով նորից վերև բարձրանալուն։

Անի Հասրաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում