«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան
1 րոպեի ընթերցում

Համաշխարհային կինոյի պատմությունը փոխած ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 23-ին ժամը 19։00-ին հանդիպում կունենա կինոոլորտի ներկայացուցիչների, կինոարվեստի երկրպագուների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» և այլ լեգենդար կինոնկարների հեղինակը երևանյան հանդիսատեսի հետ խոսելու է կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և նորարարությունների մասին։
«Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր ժամանակների ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկին, լսելու նրա պատմությունները կինոյի աշխարհից և բացահայտելու այն ստեղծագործական մտածողությունը, որի շնորհիվ ծնվել են համաշխարհային կինոյի ամենանշանավոր նախագծերից մի քանիսը։
Ջեյմս Քամերոն. հանդիպում, որը միավորում է կինոն, երևակայությունն ու ապագան»,-ասվում է հաղորդագրության մեջ։