Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Տոնե Կայզերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ այդ առումով շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում կապերի զարգացմանը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս համատեքստում, կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված նախագծերի իրականացումը և տրանսպորտային կապերի զարգացումը: