ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Իտալիայում անցկացված Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի (ECAD) միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։

Հանդիպումներին մասնակցել է նաև Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ներքին գործերի լիազոր–նախարար Մարի-Պիեռ Վեդրենի հետ զրույցում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։ 

Կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը, այդ թվում՝ իրավապահ աշխատանքի և կախվածությունների բուժման ոլորտներում փորձի փոխանակումը։

ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Միացյալ Թագավորության առողջապահության և սոցիալական ապահովության պետական նախարար Դայանա Ջոնսոնի հետ հանդիպման առանցքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ անչափահասների ներգրավման կանխարգելման և նրանց պաշտպանությանն ուղղված միջոցառումներն էին։ Անդրադարձ է եղել բրիտանական կողմի մշակած արձանագրությամբ նախատեսված ընթացակարգերին, և պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման վերաբերյալ։

Մոլդովայի ներքին գործերի նախարար Դանիելլա Միսաիլ-Նիչիտինիի հետ հանդիպմանը կողմերը դիտարկել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվել կրիպտոարժույթների օգտագործմամբ կատարվող հանցագործությունները բացահայտելու կարողությունների զարգացմանը։

Նախարարներն անդրադարձել են նաև երկու երկրների ներքին գործերի նախարարությունների կրթական հաստատությունների համագործակցությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում