Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան
4 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն, անդրադառնալով ընտանեկան բռնության դեպքերով վարույթի ընթացքի և առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հարցերին, նշել է, որ նախագծի հեղինակները փոփոխությունների փաթեթում նախատեսել են վերացնել այն բացերը, որոնք կարող են ընդհատել վարույթի ընթացքը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործող օրենսդրությունն այնպիսի կառուցակարգեր է նախատեսում, որոնց պայմաններում վարույթի հետագա ընթացքը, կախված նրանից, թե որ հանցակազմով է որակվել արարքը, կարող է կապված լինել անձի բողոքի կամ դատախազի լայն հայեցողության հետ։
Ընտանեկան բռնության դեպքերով դատախազն ունի հայեցողական լիազորություն որոշելու՝ հանրային մեղադրանքի կարգով շարունակե՞լ վարույթը, թե՞ ոչ։
Արփինե Սարգսյանը նշել է, որ դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության դեպքերի համար գործուն զղջալու ինստիտուտի և հաշտության ընթացակարգերի կիրառման բացառություններ նախատեսված չեն։
Այս կարգավորումների համակցությամբ հիմնական բեռը դրվում է բռնության ենթարկված անձի ուսերին՝ ապացուցելու իր նկատմամբ կատարվածը կամ ապահովելու, որ վարույթը հետագա ընթացք ունենա։ Նախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջությունն ուղղված է նրան, որ վարույթի շարունակությունը կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից, և ապահովվի պատասխանատվության հարցի լուծման ընթացքը։
Անդրադառնալով մտահոգությանը, թե փոփոխությունները կարող են շահարկումների կամ անհիմն հաղորդումների առիթ դառնալ՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ գործող քրեական օրենսգրքի պայմաններում ևս տեսականորեն հնարավոր է որևէ անձի վերաբերյալ չհիմնավորված հաղորդում ներկայացնել:
Այս առումով կարևոր է, որ օրենսդրությամբ արարքը նկարագրված լինի հստակ, իսկ վարույթն իրականացնող մարմինները գնահատեն իրավիճակն ու փաստական հանգամանքները։
Նախարարն ընդգծել է, որ վարույթ նախաձեռնելու և այն շարունակելու կարգավորումները չեն նշանակում, թե իրավապահ համակարգը ցանկացած հաղորդման հիման վրա առաջ է շարժվելու՝ առանց դրա հիմնավորվածությունը ստուգելու։
Քրեադատավարական ամբողջ գործիքակազմը պահպանվելու է, իսկ եթե պարզվի, որ որևէ մեկը մեկ այլ անձի վերաբերյալ կեղծ տեղեկություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, հարցը կդիտարկվի նաև սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության շրջանակում։
Միաժամանակ Արփինե Սարգսյանը կարևորել է նախագծին նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց տեսանկյունից անդրադառնալը։ Նրա խոսքով՝ տուժողները երբեմն միայն բռնության հինգերորդ կամ վեցերորդ դեպքից հետո են իրենց մեջ վստահություն գտնում իրավապահ համակարգին դիմելու համար։ Սակայն դատախազի հայեցողական լիազորության, տուժողի հետ հաշտվելու կամ բողոքը հետ վերցնելու հնարավորության պայմաններում վարույթը կարող է հետագա ընթացք չունենալ, և տուժողը կրկին հայտնվի բռնության նույն շրջապտույտում։
Նախարարի խոսքով՝ նախագծի նպատակն է ապահովել արձագանքի հստակ և հետևողական շղթա, որպեսզի բռնության դրվագի առկայության դեպքում դրա քննությունը շարունակվի։