Տնտեսություն

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

3 րոպեի ընթերցում

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում պարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը, ընդլայնվել է ինքնաշխատ նախալրացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ, որոնք քաղաքացիները կարող են չներառել հայտարարագրում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող չափահաս ՀՀ քաղաքացիները։

Կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կարող են չհայտարարագրել մինչև 1 մլն դրամի որոշ չհարկվող եկամուտներ, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից ստացված փոխառությունները, նվիրատվությունները, գույքի օտարումից ստացված և այլ եկամուտները։

Գործընթացը հեշտացնելու նպատակով համակարգում ինքնաշխատ նախալրացվում են հարկային մարմնին հասանելի տվյալները: Քաղաքացու համաձայնությամբ՝ կարող են նախալրացվել նաև ավանդներից ստացված տոկոսները։ Գործում է նաև նախալրացված հայտարարագրի ինքնաշխատ ներկայացման մեխանիզմը․ սահմանված ժամկետում այն չփոփոխելու և չներկայացնելու դեպքում՝ հայտարարագիրը վերջնաժամկետից հետո համարվում է ներկայացված։ Հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով՝ առանց լիազորագրի նոտարական վավերացման։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։ Հաջորդ հաշվետու տարիների համար հայտարարագրերը ներկայացվելու են մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ։

Կարևոր է ընդգծել, որ հայտարարագրման համակարգի ներդրումը չի ենթադրում նոր հարկային պարտավորությունների սահմանում, այլ նպատակն է ձևավորել քաղաքացիների եկամուտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ սոցիալական և այլ ոլորտներում առավել հասցեական քաղաքականություն իրականացնելու համար։ Միաժամանակ, հետագայում նախատեսվում է ներդնել նաև ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ, որը կմեկտեղի հայտարարագրերի ներկայացման, եկամտային հարկի վերադարձի, հարկերի վճարման և այլ ծառայությունները՝ քաղաքացիների համար ապահովելով առավել պարզ և հարմարավետ թվային միջավայր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում