Արսեն Թորոսյանն ու Միխեիլ Սարջվելաձեն քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության զարգացման վերաբերյալ:
Ընդգծվել է երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և արդյունավետ երկխոսության կարևորությունը․ դիտարկվել են նաև փոխադարձ այցերի կազմակերպման և լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։
Պաշտոնական հանդիպումից հետո նախարարներն այցելել են Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն և «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամ։
Միասնական սոցիալական ծառայությունում Միխեիլ Սարջվելաձեն ծանոթացել է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, առկա գործիքակազմին և որոշումների կայացման մեխանիզմներին։
«Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամում մանրամասներ են ներկայացվել սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, տվյալների կառավարման և ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված գործիքների վերաբերյալ։