Հայաստան

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնական և ավագ դպրոցներում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» խորագիրը կրող իրազեկման և ուսուցման դասընթացները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի կապիտան Դիանա Գրիգորյանը նշում է, որ «Անվտանգ տարի փրկարարի հետ» նախաձեռնության հիմնական նպատակը անվտանգության մշակույթ ձևավորելն է, արտակարգ իրավիճակներում քաղաքացիների իրազեկման մակարդակը բարձրացնելն է, որպեսզի քաղաքացիները ճիշտ կողմնորոշվեն, արագ արձագանքեն և առաջին օգնության հմտություններին տիրապետեն։

«Դասընթացներին արդեն մասնակցել են ավելի քան 900 աշակերտներ, ուսուցիչներ, բժշկական գծով աշխատակիցներ և ուսանողներ։ ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետները տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ներկայացրել են առաջին օգնության հմտությունները՝ տրամադրելով նաև թեմատիկ ուսումնական ձեռնարկներ։ Դասընթացներն անցկացվել են ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցները ոչ միայն ծանոթացել են առաջին օգնության ցուցաբերման հիմնական սկզբունքներին, այլև հնարավորություն են ունեցել իրավիճակային վարժությունների միջոցով տեսական գիտելիքները գործնականում կիրառել։ ՆԳՆ փրկարար ծառայության նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են»,-նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում