Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ. առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին
4 րոպեի ընթերցում

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ, որը մասնագետներ կպատրաստի ենթակառուցվածքային ճարտարագիտության, արհեստական բանականության մշակման և մեքենայական ուսուցման ուղղություններով։ Քոլեջի առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին, իսկ ուսուցումն անվճար կլինի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Digitec 2026» ցուցահանդեսի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում ասաց Armenian Code Academy-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է նաև համապատասխան մասնագետներ պատրաստել։ «Շատ կարևոր իրադարձություն է արհեստական բանականության գործարանի ստեղծումն ու ակտիվացումը Հայաստանում, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ մենք տաղանդների խողովակ պետք է ստեղծենք։ Նմանատիպ մասնագետներ այս պահին Հայաստանում, ցավոք, ոչ ոք չի պատրաստում։ Մենք արդեն սկսել ենք մշակել կրթական ծրագիր»,– նշեց Ասլիկյանը՝ հավելելով, որ քոլեջը տարեկան նախատեսում է ընդունել շուրջ 100 ուսանողի։
«Այն բաց կլինի 12-րդ դասարանն ավարտած աշակերտների համար։ Բացի այդ, հունվարից կմեկնարկեն անվճար նախապատրաստական դասընթացներ։ Կոտայքի մարզի բնակիչները հնարավորություն կունենան անվճար սովորելու մաթեմատիկա, ֆիզիկա և անգլերեն՝ ընդունելության քննություններին պատրաստվելու և քոլեջում ուսումը սկսելու համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով»,-նշեց նա։

Ներկայացնելով Հրազդանում արհեստական բանականության հանգույցի և տեխնոլոգիական քոլեջի ստեղծման նախաձեռնությունը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը նշեց, որ նախաձեռնությունը միության և Firebird ընկերության ռազմավարական համագործակցության կարևոր հանգրվաններից է։

«ԱՏՁՄ-ն միավորում է շուրջ 300 ընկերություն, իսկ Firebird-ը միության ռազմավարական անդամն ու գործընկերն է։ Սա մեր ռազմավարական համագործակցության շատ կարևոր հանգրվան է, որը ցույց է տալիս, թե ինչ մեծ նպատակներ ունենք հատկապես մարզերում։ Սա միայն արհեստական բանականության սպառողներ կրթելու մասին չէ։ Մենք ուզում ենք, ինչպես «Արմաթ»-ի դեպքում, տեխնոլոգիաներ ստեղծող սերունդ մեծացնել»,– ասաց Ղազարյանը։
Firebird ընկերության համահիմնադիր և նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է Հրազդանում և հարակից տարածքներում ապրող երիտասարդների համար բարձրորակ կրթության հնարավորություններն ավելի հասանելի դարձնելը։

Firebird-ի համահիմնադիր Ռազմիգ Հովաղիմյանն էլ ընդգծեց համայնքային համագործակցության և երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնության շրջանակում կրթություն ստացող երիտասարդներից ապագայում օլիմպիադաների հաղթողներ կլինեն։ «Եղե՛ք ակտիվ, մասնակցե՛ք, ստեղծե՛ք և առաջնորդե՛ք։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Մենք խոստացել ենք յուրաքանչյուր համայնքի, որի մասն ենք դառնում, կրկնապատկել մեր ջանքերը՝ ավելին տալու, քան վերցնելու համար»,– նշեց նա։
