Հայաստան

ՀԱՓԿ-ի և ԵՄ-ի գործակցության շրջանակում վերապատրաստում անցած ականազերծողները հավաստագրեր ստացան

4 րոպեի ընթերցում

ՀԱՓԿ-ի և ԵՄ-ի գործակցության շրջանակում վերապատրաստում անցած ականազերծողները հավաստագրեր ստացան

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) գրասենյակում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի շրջանակում վերապատրաստում անցած ականազերծողները հավաստագրեր ստացան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաստագրերը հանձնեցին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Էդուարդ Պետրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ անցկացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել են այն ականազերծողները, որոնք կշահագործեն ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրված MV-4 մոդելի ժամանակակից հեռակառավարվող ականազերծման մեքենան։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում առանձնահատուկ ընդգծեց ականազերծողների կարևոր դերը Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղություն և բնականոն կյանք հաստատելու գործում։

«Մենք շատ լավ ենք հասկանում Հայաստանում տիրող իրավիճակը և գիտենք, թե որքան դժվար ու բարդ է խաղաղություն հաստատելը։ Մարդասիրական ականազերծումը խաղաղության կառուցման միայն մեկ բաղադրիչն է, սակայն՝ չափազանց կարևոր։ Սա կարևոր է, քանի որ միայն խաղաղության մասին խոսելը բավարար չէ։ Շատ կարևոր է, որ պատերազմից տուժած մարդիկ տեսնեն, որ խաղաղությունը հաստատվում է իրենց գյուղերում, դաշտերում և տների մոտակայքում։ Սա խաղաղության հաստատման գործում շատ կարևոր ներդրում է»,- նշեց Վասիլիս Մարագոսը։

ԵՄ աջակցությամբ հայ ականազերծողների վերապատրաստման ավարտի միջոցառումը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը նաև նշեց, որ Հայաստանին տրամադրված ականազերծման ժամանակակից մեքենաները ստեղծվել են՝ հիմնվելով այն շատ ցավալի փորձառությունների վրա, որոնց միջով անցել են խորվաթները՝ իրենց պատմության ընթացքում։

«Մեր գործընկերությունը շատ կարևոր նշանակություն ունի. այն դուրս է գալիս կոնկրետ նախագծի շրջանակից և ցույց է տալիս, թե որքան արդյունավետ կարող ենք աշխատել միասին։ Մենք ունենք նորարարական տեխնոլոգիաներ, նաև փորձառություն, այդ ամենը փոխանցում ենք ձեզ։ Այնուամենայնիվ, այստեղ ամենակարևորը մարդկային գործոնն է»,- ընդգծեց Վասիլիս Մարագոսը։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Էդուարդ Պետրոսյանն էլ ճեպազրույցում կարևորեց, որ Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրված MV-10 և MV-4 մոդելների սարքավորումները կօգնեն իրականացնել մեխանիկական ականազերծման աշխատանքներ, ինչը կմեծացնի ականազերծողների անվտանգության մակարդակը և տարածքների մաքրման արագությունը։

«Ծրագրել ենք մեքենաները հիմնականում օգտագործել խիտ ականապատ դաշտերում, սակայն կարող են կիրառվել նաև տարբեր տեսակի աշխատանքներում, այդ թվում՝ տեխնիկական հետազոտության իրականացման։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հիմնադրումից ի վեր առաջին անգամ ենք ստացել մեխանիկական ականազերծման համար անհրաժեշտ մեքենաներ, վերապատրաստման այս դասընթացներն էլ աննախադեպ էին»,- նշեց Էդուարդ Պետրոսյանը։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ղեկավարը հավելեց, որ ԵՄ-ն անհրաժեշտ մեքենասարքավորումներ տրամադրելուց, վերապատրաստման դասընթացները միջազգային բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից անցկացնելուց հետո երրորդ փուլով նոր ֆինանսավորում կհատկացնի՝ անհրաժեշտ աշխատանքների իրականացմանն աջակցելու համար։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ մեզ հետ ճեպազրույցում ևս մեկ անգամ վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի գործընկերներն է շատ ուղղություններով՝ բարեփոխումների իրականացումից մինչև դիմակայունություն բարձրացում և տարածաշրջանում խաղաղության հաստատում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում