ԱԺ նախագահն ընդդիմությանը մեղադրել է խաղաղությանը խոչընդոտելու մեջ
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը մեղադրել է խաղաղությանը խոչընդոտելու մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանը նոյեմբերի 20-ին խորհրդարանի նիստում արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի ելույթին՝ վիճարկելով Հայաստանի քարտեզի վերաբերյալ նրա հայտարարությունը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը «կիսատ քարտեզ» էր անվանել ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշանը, որը իրենց հագուստին փակցնում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։
«Դուք ակնհայտորեն նկատի ունեիք Հայաստանի Հանրապետության քարտեզը, որովհետև դուք ձեր բերանով ասացիք՝ ձեր կրծքին փակցվող կիսատ քարտեզը։ Եվ, կներեք, բայց ձեր արդարացումները չեն անցնում»,- դիմելով Մարիաննա Ղահրամանյանին՝ հայտարարել է Ռուբինյանը։
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Էդգար Ղազարյանի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությանը։ Ռուբինյանի ներկայացմամբ՝ Ղազարյանը խոսել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չճանաչելու և որպես անկախ հանրապետություն ճանաչելու մասին։
Նա հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրումը՝ արդյոք դաշնակցական պատգամավորների համար շարունակում է արդիական մնալ իրենց կուսակցության ծրագրում նշված «Միացյալ Հայաստանի» նպատակը։
ԱԺ նախագահն ամբիոնից ընթերցել է ծրագրի համապատասխան հատվածը։
«ՀՅ Դաշնակցությունը նպատակադրում է ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտում։ Միացյալ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնեն Սևրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, ինչպես նաև Արցախի, Ջավախքի և Նախիջևանի երկրամասերը»,- մեջբերել է Ռուբինյանը։
Նա անդրադարձել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի արձագանքին՝ այն մեկնաբանելով որպես այդ ծրագրային նպատակի վերահաստատում։
Հիշեցնենք, Քրիստինե Վարդանյանը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի, թե ՀՅԴ-ի համար արդյոք շարունակում է նպատակ մնալ «Միացյալ Հայաստանի» տեսլականը, պատասխանել էր՝ «Երազելու իրավունք չունենք»։
Ռուբինյանի գնահատմամբ՝ նման դիրքորոշումը նշանակում է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային, Ադրբեջանին և Վրաստանին։
ԱԺ նախագահը պնդել է, որ իր հիշատակած հայտարարությունները բացահայտում են ընդդիմության մոտեցումը խաղաղության օրակարգին։
«Մարիաննա Ղահրամանյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով քարտեզն ինքը համարում է կիսատ, և դաշնակցական Քրիստինե Վարդանյանի հայտարարությունը՝ Դաշնակցության նպատակադրման մասին, որը, հիշեցնում եմ, նշանակում է տարածքային պահանջներ ունենալ միաժամանակ Թուրքիայից, Ադրբեջանից և Վրաստանից․ այս երեք հայտարարությունները, ես կարծում եմ, լիովին պատռեցին մեր հավաքական ընդդիմության դիմակը»,- ասել է նա՝ այս շարքում հիշատակելով նաև Էդգար Ղազարյանի խոսքը։
Ելույթի ավարտին Ռուբինյանն ընդդիմությանը մեղադրել է նաև Հայաստանը մեկ այլ պետության կազմում ներառելու նպատակ հետապնդելու մեջ։
«Դուք ունեք մի նպատակադրում՝ գալ այստեղ, պաթոսային հայտարարություններ անել՝ հայրենիքի կիսատ քարտեզ, զոհեր և այլն, բայց խոչընդոտել խաղաղությանը, անհնար դարձնել խաղաղությունն ու Հայաստանը տանել, մտցնել այլ պետության կազմ»,- հայտարարել է ԱԺ նախագահը։