Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նոյեմբերի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ նախագծի նպատակը հասարակական կազմակերպությունների, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտների և կուսակցությունների ֆինանսական որոշակի անկախության ու թափանցիկության բարձրացման, ազատ ու անկողմնակալ խոսքի զարգացման, բնակչության հետ կապի ամրապնդման նպատակով կառուցակարգերի ձևավորումն է։
«Նախագծով ընդլայնվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում կիրառվող սոցիալական ծախսերի շրջանակը։ Սահմանվում է, որ սոցիալական ծախսեր են համարվում նաև ֆիզիկական անձանց կողմից այդ կազմակերպություններին անհատույց հատկացվող դրամական միջոցները՝ վճարված եկամտային հարկի հաշվին։ Այդպիսով քաղաքացիները կկարողանան հատկացումներ կատարել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, կուսակցություններին»,-ասաց նա։
Սահակյանի խոսքով՝ հատկացումները կատարվելու են սահմանված ընթացակարգով. հարկային մարմնում ստեղծվելու են նշված կազմակերպությունների, լրատվական սուբյեկտների ու կուսակցությունների ցանկերը, որը հարկային մարմինը հրապարակելու է։
«Դրանցում կներառվեն Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող և իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ որոշակի տեղեկություններ հարկային մարմին ներկայացրած կառույցները։Եկամուտների հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացին էլեկտրոնային համակարգով կընտրի կազմակերպությունը և կնշի հատկացվող գումարի չափը, իսկ փաստացի փոխանցման գործընթացը կկազմակերպի պետական գերատեսչությունը։ Ընդ որում՝ հատկացում կարող է կատարվել միաժամանակ որևէ հասարակական կազմակերպության, լրատվամիջոցի կամ կուսակցության»,-ասաց նա` հավելելով, որ հատկացվող գումարի առավելագույն չափերը, շահառուների շրջանակը, ներկայացվող չափանիշներն ու տեղեկությունները, ինչպես նաև ցանկերի ներկայացման ու հրապարակման կարգը կսահմանի Կառավարությունը։
Նախագծին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 35։ Նախագիծն ընդունվել է։