Հայաստան

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

2 րոպեի ընթերցում

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Բանգկոկում նոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) տրանսպորտի հարցերով հինգերորդ նախարարական համաժողովի եզրափակիչ նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ընդունվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տրանսպորտի զարգացման 2027-2031թթ. նախարարական հռչակագիրը և Տարածաշրջանային գործողությունների ծրագիրը։

«Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ընդունված փաստաթղթերը՝ որպես ներառական տրանսպորտային կապերի զարգացման, տարածաշրջանային ինտեգրման, առևտրի և տեղաշարժի դյուրացման հիմք՝ ընդգծելով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կարիքների և մարտահրավերների հասցեագրման անհրաժեշտությունը»,-հայտնում են նախարարությունից։

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է փաստաթղթերի շուրջ բանակցություններում Հայաստանի կառուցողական ներգրավվածությանը և վերահաստատել ՀՀ հանձնառությունը՝ Տարածաշրջանային գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

Նախարարի տեղակալը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը հանձնաժողովի անդամ պետությունների, քարտուղարության և շահագրգիռ այլ կողմերի հետ՝ տրանսպորտի կայուն զարգացման համատեղ նպատակներին հասնելու ուղղությամբ։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում