Հայաստանում էներգիայի կուտակիչ կայաններ ստեղծելու նպատակով ՀԾԿՀ-ն անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտեր է ընդունել
3 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստում ընդունվեցին 8 ենթաօրենսդրական ակտեր, որոնցով սահմանվել են էներգիայի պահեստավորման գործունեության իրականացման համար անհրաժեշտ կարգավորումները, պահեստավորողների իրավունքներն ու պարտականությունները, գնման երաշխիքով և մրցակցային պայմաններով պահեստավորման գործունեության տարբերակումը, պահեստավորման ծառայության սակագնի ձևավորման ու վճարման կանոնները և լիցենզիայի տրամադրման ընթացակարգը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ ընդունված ենթաօրենսդրական ակտերը շահագրգիռ կողմերին հնարավորություն կընձեռեն կառուցելու էներգիայի պահեստավորման համար կուտակիչ կայաններ։

«Ներդրողները հնարավորություն կստանան կառուցելու գնման երաշխիքով և մրցակցային պայմաններով կուտակիչ կայաններ։ Կուտակիչ կայանների շնորհիվ կկարողանանք ցերեկվա ժամերին անհրաժեշտ քանակից ավելի արտադրված էլեկտրաէներգիան պահեստավորել՝ օրվա մյուս ժամանակահատվածներում այն օգտագործելու համար»,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշեց, որ պետությունն այս մասով որևէ լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չի ունենա։ Մեսրոպ Մեսրոպյանը հավելեց, որ տվյալ օրենսդրական փոփոխությունը նախաձեռնվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, իսկ ենթաօրենսդրական ակտերը ՀԾԿՀ-ն կյանքի է կոչել EU4Energy-ի ներկայացուցիչների և Շվեյցարական զարգացման կազմակերպության (Helvetas Swiss Intercooperation) փորձագետների հետ գործակցության շնորհիվ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանն էլ ընդգծեց, որ Հայաստանի համար արևային կայանները եզակի տեղական ռեսուրսներից են։ Նրա խոսքով՝ արևային կայանների շատ լինելու համար չէ, որ ցանկանում են ունենալ կուտակիչ կայաններ. դրանց անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ առավելագույնս օգտագործվի վերականգնվող էներգետիկ հզորությունը։

«Կուտակիչների առկայության դեպքում նաև կնվազեցնենք Հայաստանի կախվածությունն արտաքին էներգակիրներից։ Կառավարության վարած քաղաքականությունը միտված է նրան, որ առաջին փուլում առնվազն 800 մեգավատ հզորությամբ կուտակիչ կայաններ կառուցվեն։ Ընթացքում կուտակիչ կայանների քանակը ավելացնելով՝ կմեծացնենք վերականգնվող էներգիայի հզորությունը»,- ասաց Հովհաննես Աբրահամյանը։
ՏԿԵ նախարարության պաշտոնյան նաև հավելեց, որ Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրում հստակ ֆիքսված է՝ վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը մինչև 2040 թվականը պետք է հասցնել 50-60 տոկոսի։ Նրա խոսքով՝ պահեստավորման կայանների ստեղծումը կնպաստի ռազմավարական այդ թիրախին հասնելուն։