Հայաստան

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում տնկվել է 53 հազար ծառ. տարածքը 2027 թվականին կհանձնվի Ֆիոլետովո համայնքին

3 րոպեի ընթերցում

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում տնկվել է 53 հազար ծառ. տարածքը 2027 թվականին կհանձնվի Ֆիոլետովո համայնքին

Վանաձոր-Դիլիջան մայրուղու հարևանությամբ գտնվող, Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի երջանկահիշատակ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում  53 հազար ծառ է տնկված։

11 հեկտար տարածք ընդգրկող անտառապատման ծրագիրն իրականացրել է «Արմենիա Թրի Փրոջեքթ»  բարեգործական հիմնադրամը։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ հիմնադրամի անտառապատման ծրագրի ղեկավար Վահե Մացակյանը նշել է, որ անտառապատման աշխատանքները մեկնարկել են 2007 թվականին։

Անտառը հիմնադրվել է «Ակոս» շաբաթաթերթի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո։

Մացակյանի խոսքով՝ տարածքը պատկանում է Ֆիոլետովո համայնքին։ Նախկինում այն դեգրադացված արոտավայր էր, որտեղ առկա էին մակերեսային ջրային հոսքեր։

«Տարիների ընթացքում իրականացված աշխատանքների շնորհիվ  այսօր ունենք կայացած անտառածածկ տարածք։ Անտառում հիմնականում տնկվել են սոճիներ, ինչպես նաև տերևավոր ծառատեսակներից վայրի տանձենի և խնձորենի։ «Արմենիա Թրի Փրոջեքթ» հիմնադրամը ոչ միայն իրականացրել է ծառատունկը, այլև կազմակերպել է անտառի ագրոտեխնիկական խնամքը։ Ներկայում իրականացվում են տարածքի պահպանման աշխատանքներ։ Այս տարի նախատեսվում է նաև խնամքի նպատակով հատումներ իրականացնել։ Կհատվեն թերաճ և վնասված ծառերը, իսկ առաջացած փայտանյութը կտրամադրվի Ֆիոլետովո համայնքի բնակիչներին։ Հատումների նպատակը անտառի արտադրողականության բարձրացումն է»,- նշեց Մացակյանը։

Նրա խոսքով՝ 2027 թվականին անտառածածկ տարածքը պաշտոնապես կհանձնվի Ֆիոլետովո համայնքին, իսկ հիմնադրամը  մտադիր է  հետագայում շարունակել համագործակցությունը համայնքի հետ՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն ՝անտառի պատշաճ կառավարման համար։

«Նախատեսվում են նաև տեսակային կազմի փոփոխությանն ու բնական վերաճի խթանմանն ուղղված միջոցառումներ։ Սա առաջին անտառն է, որը հանձնում ենք անտառածածկ կարգավիճակում»,- ասաց Վահե Մացակյանը՝ հավելելով, որ առաջիկա տարիներին նմանատիպ տարածքներ նախատեսվում է հանձնել նաև Սպիտակ, Կողես և Տաշիր համայնքներին։

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: Նրա մահը փողոց էր դուրս բերել հազարավոր թուրքերի՝ «Բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսներով: Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրանք էր առաջադրված ընդհանուր առմամբ 77 մարդու: 27 անձ դատապարտվել է սպանության, ահաբեկչական խմբավորման անդամակցության, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու և ոչնչացնելու մեղադրանքներով: Ցմահ ազատազրկման են դատապարտվել ոստիկանության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Գործով անցնող 33 անձ արդարացվել էր:  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում