Կարմիր գիրքը սպասում է թարմացման. Հայաստանում սկսել են կենդանական աշխարհի նոր գնահատման աշխատանքները
10 րոպեի ընթերցում

Հայաստանի կենդանական աշխարհի վերաբերյալ գիտական տվյալների վերջին տարիների զարգացումն անհրաժեշտություն է առաջացրել վերանայելու և թարմացնելու ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը։ Գիտնականներն այժմ առաջարկում են աշխատանքներն իրականացնել ժամանակակից գիտական մեթոդների և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակի չափանիշների հիման վրա՝ միաժամանակ լրացնելով նախկինում չուսումնասիրված կամ թերի ուսումնասիրված տեսակների վերաբերյալ տվյալները։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում կենսաբանական հետազոտությունների ավանդական և նորագույն մեթոդների կիրառմամբ ուսումնասիրվում են Հայաստանի կենդանական աշխարհը և հիդրոբիոնտների որակական ու քանակական կազմը, գնահատվում դրանց արդի վիճակը, ինչպես նաև առկա և հնարավոր սպառնալիքները։ Կենտրոնի գիտնականները հետազոտությունների ընթացքում շարունակաբար տեղեկություններ են հավաքագրում պահպանության կարիք ունեցող տեսակների վերաբերյալ և մասնակցում ՀՀ կենդանիների Կարմիր գրքի վերանայման ու լրամշակման աշխատանքներին։
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Արամ Աղասյանի խոսքով՝ Կենտրոնը Կարմիր գրքի թարմացման նախագիծ է ներկայացրել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։
«Նախագծի նպատակն է`վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը՝ հիմնվելով արդի գիտական տվյալների և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի նորագույն չափանիշների վրա»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աղասյանը։

Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում նախատեսվում է հավաքագրել և վերլուծել գիտական հրապարակումներից, մոնիթորինգի ծրագրերից և տվյալների առկա բազաներից ստացված տեղեկությունները։ Դրան զուգահեռ կիրականացվեն նպատակային դաշտային հետազոտություններ Հայաստանի կենսաբազմազանությամբ հարուստ տարբեր տարածքներում՝ տեսակների տարածման, պոպուլյացիաների վիճակի և սպառնալիքների վերաբերյալ արդի տվյալներ ստանալու նպատակով։
«Նախատեսվում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել թերի ուսումնասիրված և էնդեմիկ տեսակներին, հատկապես՝ անողնաշարավորներին։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել GIS հիմքով միասնական տվյալների բազա, կազմել տեսակների տարածման քարտեզներ և իրականացնել դրանց պահպանության ազգային կարգավիճակի գնահատում։ Ստացված արդյունքների հիման վրա պատրաստվելու են գիտականորեն հիմնավորված առաջարկություններ՝ Կարմիր գրքի թարմացման և պահպանության միջոցառումների կատարելագործման համար։ Նախագծի արդյունքները կնպաստեն կենսաբազմազանության պահպանության պլանավորմանը, բնապահպանական քաղաքականության զարգացմանը և Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարմանը՝ ապահովելով երկրի կենդանական աշխարհի երկարաժամկետ պահպանությունը։ Նախատեսվում է նաև առաջարկություններ ներկայացնել՝ Հայաստանի տեսակները ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկելու ուղղությամբ»,-ասաց նա։

Կարմիր գիրքը պետք է պարբերաբար թարմացվի
Աղասյանի խոսքով՝ ՀՀ կենդանիների գործող Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007-2009 թթ. ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա և հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի №71-Ն որոշմամբ, իսկ գիրքը տպագրվել է 2010 թվականի նոյեմբերին:
Դրանում ընդգրկված են 155 տեսակի անողնաշար և 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։
«Առնվազն տասը տարին մեկ պետք է թարմացվի Կարմիր գիրքը։ Այսօր արդեն անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նոր Կարմիր գրքի մշակման աշխատանքներում պետք է ներգրավվեն տարբեր գիտական ուղղությունների կենդանաբան մասնագետներ։
«Գիտության կոմիտեում մեր կողմից ներկայացված հայտերը Կարմիր գրքի վերաթարմացման հետ կապված քննարկման փուլում են։ Հաստատման դեպքում, բուն աշխատանքները նախատեսվում է իրականացնել շուրջ հինգ տարվա ընթացքում»,- նշեց Աղասյանը։
Նրա խոսքով՝ կենդանիների Կարմիր գրքի մշակման համար տարեկան մոտ 80 մլն դրամ է անհրաժեշտ՝ քարտեզագրման, նյութերի հավաքագրման, դաշտային հետազոտությունների և արշավախմբերի կազմակերպման համար։ Տեսակների՝ Կարմիր գրքում ընդգրկվելու հարցը որոշվում է համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ գիտական տվյալների և միջազգային չափորոշիչների հիման վրա։ ԲՊՄՄ-ի չափորոշիչներով՝ տեսակները կարող են դասակարգվել, մասնավորապես, որպես անհետացած, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված կամ խոցելի։

Անհետացած համարված տեսակները կրկին հայտնվում են
Գիտական նոր տվյալները երբեմն կարող են փոխել նաև որևէ տեսակի կարգավիճակի վերաբերյալ նախկին պատկերացումները։ Աղասյանի խոսքով՝ օրինակ՝ Մանուլ տեսակի կատուն Հայաստանում 1950-ական թվականներից հետո չէր արձանագրվել, մինչդեռ բորենին համարվում էր տարածաշրջանում անհետացած տեսակ, սակայն վերջին շրջանում դրա առկայության վերաբերյալ նոր տվյալներ են ստացվել։
«Գիտության զարգացմանը զուգընթաց, հատկապես անողնաշարավորների շրջանում, տարի չկա, որ նոր տեսակներ չնկարագրվեն։ Տեսակներ կան, որոնք նոր են հայտնաբերվել տարածաշրջանում, և դրանք ենթարկվում են վերլուծության, ճշգրտվում է դրանց տարածվածության աստիճանը»,- ասաց նա։
Որպես օրինակ մասնագետը ներկայացրեց նաև ուրարտական սահնօձը։ Մասնագիտությամբ սողունաբան Արամ Աղասյանը, նշեց, որ նախկինում հայտնի որպես քառաշերտ սահնօձ տեսակի կարգաբանական ուսումնասիրությունները թույլ տվեցին նկարագրել գիտության համար նոր տեսակ՝ ուրարտական սահնօձը։ Այն համարվում է Կովկասի համար էնդեմիկ տեսակ և, ըստ մասնագետի, նախատեսվում է ընդգրկել նոր Կարմիր գրքում։

Ոչ բոլոր տեսակները կարող են պահպանել Կարմիր գրքի կարգավիճակը
Նոր տվյալները կարող են հանգեցնել ոչ միայն նոր տեսակների ընդգրկմանը, այլև որոշ տեսակների՝ Կարմիր գրքից դուրսբերմանը։ Աղասյանը, որպես օրինակ, նշեց մեծ ձկնկուլին, որի պոպուլյացիաները Սևանա լճում զգալիորեն աճել են, և այսօր այն կարող է խնդիրներ առաջացնել ձկնաբուծության համար։ Մինչդեռ նախկինում տեսակը քիչ էր հանդիպում և դրա համար ընդգրկվել էր Կարմիր գրքում։ Մասնագետը նաև ընդգծեց, որ 1980-ականների և 2010 թվականի Կարմիր գրքերի միջև էական տարբերություն կա։ Եթե առաջին հրատարակություններում ներկայացված էին միայն ողնաշարավոր կենդանիները, ապա 2010 թվականի Կարմիր գրքում ներկայացված են նաև անողնաշար կենդանիները` հատկապես միջատների և փափկամարմինների ներկայացուցիչները։ Միևնույն ժամանակ, անողնաշար կենդանիների մի շարք խմբեր դեռևս բավարար ուսումնասիրված չեն։ «2010 թվականի Կարմիր գրքում չկան, օրինակ, սարդակերպեր։ Պատճառն այն է, որ մենք չենք ունեցել համապատասխան մասնագետներ և համապատասխան ուսումնասիրություններ չեին կատարվել։ Անհրաժեշտության դեպքում կարող է առաջանալ նաև արտերկրից մասնագետներ հրավիրելու խնդիր»,- ասաց Աղասյանը։
Նրա խոսքով՝ 2010 թվականի Կարմիր գրքի մշակման ժամանակ, օրինակ, գիշերային թիթեռների ուսումնասիրությանը մասնակցել է արտերկրից հրավիրված գիտնական:

Ջրասամույրի ուսումնասիրությունը՝ նոր տվյալների շարքում
Կենտրոնի մասնագետներն այժմ ուսումնասիրում են նաև Կարմիր գրքում ընդգրկված տեսակները։ Այդ տեսակներից է ջրասամույրը, որի վերաբերյալ Կենտրոնի մասնագետները տվյալներ են հավաքագրել։
«Բոլոր տվյալները կհավաքագրվեն, կլրացնենք բացերը, կպլանավորենք աշխատանքները»,- ասաց Աղասյանը։
Նա նշեց նաև, որ WWF-Հայաստանի կողմից Գերմանիայի զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքներին ուղղված մեծ ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ Կարմիր գրքի թարմացման և վերանայման աշխատանքներին։

Կարմիր գրքից այն կողմ՝ կենսաբազմազանության տարածքային պաշտպանություն
Կենդանական աշխարհի պահպանությունը, ըստ մասնագետի, չի սահմանափակվում միայն Կարմիր գրքում տեսակների ընդգրկմամբ, որն, ըստ էության, նորմատիվային պահպանության միջոց է։ Կարևոր նշանակություն ունի նաև դրանց բնական միջավայրերի պահպանությունը։ Աղասյանի խոսքով՝ ներկայում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանի կենսաբազմազանության տեսակների մոտ 60 տոկոսն ընդգրկված է տարածքային պաշտպանության համակարգում։
Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայում զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 13.1 տոկոսը։ Մասնագետի խոսքով՝ նախատեսվում է ընդլայնել այդ համակարգը, այդ թվում՝ նոր ազգային պարկերի ստեղծման և գործող հատուկ պահպանվող տարածքների սահմանների ընդլայնման միջոցով։ Մասնավորապես, նախատեսվում է Ջերմուկի և Տաթևի ազգային պարկերի ստեղծում։
Կարմիր գրքի նոր տարբերակի մշակումը, ըստ մասնագետների, հնարավորություն կտա ոչ միայն վերագնահատել Հայաստանի կենդանական աշխարհի պահպանության վիճակը, այլև ձևավորել գիտականորեն հիմնավորված հիմք՝ առաջիկա տարիների բնապահպանական քաղաքականության և կենսաբազմազանության պահպանության ծրագրերի համար։