Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը
3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը՝ նորովի ընդգծելով քաղաքի պատմական դիմագիծը։ Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից, շենքի լուսավորության համար տեղադրվել է շուրջ 400 լուսակետ և 150 մետր երկարությամբ LED լուսային ժապավեն՝ կառույցին հաղորդելով նոր տեսք ու առանձնահատուկ հմայք։
Լուսավորության միացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն ու գյումրեցիները։ Նախաձեռնությունն իրականացվել է Շիրակի մարզպետի առաջարկով՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Սա մայրաքաղաքի և մարզերի միջև համագործակցության ևս մեկ օրինակ է, որը միտված է համայնքների զարգացմանն ու քաղաքային միջավայրի բարելավմանը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ նպաստելով ոչ միայն Գյումրիի, այլև մարզի մյուս համայնքների զարգացմանը։ «Գաղափարը նախապատմություն ունի, երբ Օպերայի շենքը լուսավորվեց, ես դիմեցի պարոն Ավինյանին, որ Գյումրիում ևս պատմական շենքերը լուսավորվեն։ Առաջարկս չմերժեց պարոն Ավինյանը, և քանի որ Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը ևս պատմական ու շատ գեղեցիկ շենք է, այսպես մեկնարկեց մեր համագործակցությունը։ Իսկ գործակցությունը մեզ համար անչափ կարևոր է։ Գիտեք, որ 2018-ից հետո ՀՀ կառավարության դիրքորոշումն է մարզերի ու համայնքների համաչափ զարգացումը, իսկ երբ մայրաքաղաքի քաղաքապետն է այս դիրքորոշմանը կողմ, մեր փոխգործակցությունն այսքան ստացված է լինում։ Երևանի քաղաքապետարանն աջակցում է նաև Ախուրյան համայնքին, այնտեղ պուրակ է կառուցվում։ Վստահ եմ՝ նման ծրագրերը շարունակական են լինելու։ Այս ծրագրով մենք Գյումրիի քաղաքային դիմագծին նոր լուսավոր կետ ավելացրինք։ Համոզված եմ՝ նման ծրագրերը կարևոր են ոչ միայն քաղաքի արտաքին տեսքը բարելավելու, այլև հանրային միջավայրն ավելի գրավիչ, բարեկարգ ու հարմարավետ դարձնելու տեսանկյունից»,-նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ շնորհավորեց ծրագրի իրականացման առթիվ՝ կարևորելով նման նախաձեռնությունների դերը մայրաքաղաքի փորձն ու հնարավորությունները մարզերում ևս կիրառելու գործում։