Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Զոլաքար գյուղի 15 և 16-րդ փողոցներում՝ 2000 մետր երկարությամբ։ Շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 50 տոկոսով, դրանք կավարտվեն 2026 թվականի ընթացքում։
«Ծրագրի շահառու է համարվում նորաստեղծ փողոցներում բնակվող 15 ընտանիք։ Այս ծրագրով էլ Զոլաքար գյուղում ավարտվում է խմելու ջրամատակարարման ներքին ու արտաքին ցանցերի արդիականացման գործընթացը, որի մեկնարկը տրվել էր 2016 թվականից։ Կառուցվել է շուրջ 80 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանց, ինչի արդյունքում ոչ միայն արդիականացվել է ջրամատակարարման ողջ համակարգը, այլ նաև էապես բարելավվել է ջրամատակարարումը։ Ձմռանն արդեն անցնելու ենք շուրջօրյա ջրամատակարարման»,-ներկայացրեց Զոլաքար գյուղի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը։