Մարզեր

Սառնաղբյուրում բացվել է երիտասարդական տարածք

3 րոպեի ընթերցում

Սառնաղբյուրում բացվել է երիտասարդական  տարածք

Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում հանդիսավորությամբ բացվել է երիտասարդական տարածք, որը նոր հնարավորություններ կստեղծի երիտասարդների ինքնադրսևորման, հմտությունների զարգացման և նոր նախաձեռնությունների իրականացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տարածքը ստեղծվել է Անիի համայնքապետարանի և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակում։

Նորաբաց տարածքում երիտասարդները կկարողանան զարգացնել իրենց հմտություններն ու կարողությունները, առաջ քաշել և կյանքի կոչել նոր գաղափարներ, փոխանակվել փորձով, ձևավորել համագործակցություններ և առավել ակտիվ մասնակցել համայնքի հասարակական կյանքին։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է երիտասարդների դերակատարումը համայնքների զարգացման գործում՝ ընդգծելով, որ նման միջավայրերի ստեղծումը նպաստում է համայնքային կյանքի աշխուժացմանը, նոր գաղափարների առաջմղմանը և երիտասարդների ներուժի բացահայտմանը։ Նրա խոսքով՝ նորաբաց տարածքը կդառնա գաղափարների, համագործակցության և համայնքային նախաձեռնությունների ձևավորման կարևոր հարթակ։

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ևս ընդգծել է երիտասարդների կարևոր դերը համայնքի զարգացման գործում՝ նշելով, որ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են երիտասարդներին առնչվող հարցերը։

«Երիտասարդական տարածքի բացումը Սառնաղբյուրում պատահական չէր։ Սա համայնքի ամենամեծ բնակավայրն է և մշտապես աչքի է ընկել տարբեր ոլորտներում իր ակտիվությամբ։ Սակայն այս տարածքի բացումը չի նշանակում, որ այն նախատեսված է միայն սառնաղբյուրցի երիտասարդների համար։ Այստեղ կարող են համախմբվել նաև մյուս բնակավայրերի նախաձեռնող երիտասարդները՝ համատեղ ծրագրեր իրականացնելու և համայնքի զարգացմանն իրենց ներդրումն ունենալու նպատակով»,-ասել է Արման Սարիբեկյանը։

Տարածքի բացման կարևորությունն ընդգծել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ կարևոր իրադարձությունն իրենց հետ կիսելու համար։ Նա նշել է, որ երիտասարդական տարածքները ոչ միայն ինքնադրսևորման և զարգացման, այլև մարդկային կապիտալի զարգացման ու համայնքների առաջընթացի կարևոր հարթակներ են։

«Մեծ ուրախությամբ Սառնաղբյուրում ազդարարում ենք մեր կազմակերպության կողմից ստեղծվող հերթական երիտասարդական միջավայրի գործունեության մեկնարկը։ Մեզ համար սա պարզապես նոր տարածք չէ, այլ կարևոր ներդրում համայնքի մարդկային կապիտալի զարգացման և երիտասարդների ներուժի բացահայտման գործում»,-նշել է Արթուր Նաջարյանը։

Միջոցառումն ուղեկցվել է նաև մշակութային կատարումներով։ Հյուրերի համար ելույթ են ունեցել Մարալիկի երաժշտական դպրոցի սաները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում