COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ
18 րոպեի ընթերցում

COP17-ի համար հատկացված գումարները ծախսվել են նպատակային, արժևորված և հիմնավորված։ COP17 համաժողովի կազմակերպման նպատակով գնված գույքն ամբողջությամբ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղական Արա Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ COP17-ը Հայաստանի Հանրապետությանը բերի ավելի շատ բնապահպանական խնդիրների լուծում, միջազգային ճանաչում և լավ արդյունքներ մեր երկրի, մեր հասարակության շահերի համար։
«Այսօր հոկտեմբերի 14-ին ժամը 12։00-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության դրոշի հանդիսավոր բացման արարողությունը, դրոշը բարձրացնելու արարողությունը, և սրանով կարող ենք ասել, որ կենսաբանական բազմազանության կողմերի համար 17-րդ համաժողովի մեկնարկը տրված է»,– նշեց նա։
Փոխնախարարը չխուսափեց անդրադառնալ վերջին օրերին բազմիցս քննարկվող թեմաներին, որոնք քննադատության տեսքով առնչվում են COP-ի կազմակերպման համար ծախսված գումարներին, գնումների գործընթացին։ Ավելին, Արա մկրտչյանը բնական համարեց նման քննարկումներն ու քննադատությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ ծավալի միջոցառում է անցկացվում Հայաստանի Հանրապետությունում։
«Բնականաբար, այս կամ այն կերպ այդ հարցերը լինելու են ուշադրության կենտրոնում։ Սակայն մեր համար տարօրինակ է սակավ տեղեկությունների վրա այսպես կատեգորիկ եզրահանգումներ և ինչ–որ պնդումներ անելը։ Դա որոշակի առումով նաև անընդունելի է։
COP-ի հետ կապված բոլոր պրոցեսներն առաջին հերթին իրականացվել են գործող իրավական կարգավորումների շրջանակներում, նաև՝ մաքսիմալ թափանցիկ»,– շեշտեց նա։
Անդրադառնալով տարածքի ընտրության հարցին՝ փոխնախարարն ընդգծեց՝ COP17-ը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է 2024 թ․-ի հոկտեմբերին Կոլումբիայի Կալի քաղաքու՝ COP 16-րդի ընթացքում: Հայկական կողմը ներկայացրել է միջոցառումն անցկացնելու իր հնարավորությունները՝ որպես Համաժողովի անցկացման վայր մատնանշելով Երևանի Մարզահամերգային համալիրը։
Փոխնախարարը շեշտեց՝ COP-ը Հայաստանի Հանրապետության միջոցառումը չէ։ Այն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջոցառումն է, որը մշտապես իրականացվել է և իրականացվելու է ՄԱԿ-ի ստանդարտներով՝ ինչպես համաժողովի բովանդակային կազմակերպման, այնպես էլ կազմակերպչական բոլոր հարցերի առնչությամբ։ Հայաստանը միջազգային այս ամենաբարձր մակարդակի համաժողովը հյուրընկալող կողմն է։
«COP-ի անցկացնելու թույլտվությունը ստանալուց հետո, բնականաբար, սկսել են պաշտոնական շփումները ՄԱԿ կենսաբանական բազմազանության, քարտուղարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև՝ ի դեմս ՀՀ Արտաքին գործերի նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության և վարչապետի գլխավոր խորհրդականի։ Բազմաթիվ այցեր են իրականացվել Երևան մայրաքաղաք, փորձագետները եկել են և տեղում ուսումնասիրել COP-ի անցկացման վայրը։ Առաջին հերթին նրանց ներկայացվել է Մարզահամերգային համալիրը, որտեղ, մտածում էինք, Կապույտ գոտին պետք է տեղակայվի։ Սակայն ՄԱԿ փորձագետները կատեգորիկ ժխտել են այդ հնարավորությունը՝ մի քանի չափանիշներ նշելով․ յուրաքանչյուր COP-ի անցկացման համար անհրաժեշտ են պլենարների անցկացման վայրեր, որոնք «վրանային» են։ Դրանք այնպիսի ենթակառուցվածքներ են, որոնք զբաղեցնում են շուրջ կես հեկտար տարածք և իրենց մեծությամբ բազմաթիվ շենք -շինություններից ավելի մեծ են։ Օրինակ, այս պահին, որ արդեն հավաքված են այդ վրանները «Մերիդիան» Էքսպո կենտրոնի տարածքում, յուրաքանչյուրում տեղավորվում է շուրջ 1400 անձ։ Մեր Մարզահամերգային համալիրին հարակից տարածքում ուղղակի, չկար այդպիսի ազատ տարածք, որպեսզի տեղավորվեն այդ «վրանները»։ Բացի այդ, նաև անհրաժեշտ է ունենալ ինչպես մուտքերի, այնպես էլ ելքերի, նաև անվտանգության առումով հրատապ, ահազանգային ելքերի բոլոր հնարավորությունները՝ տեղադրել վերելակներ, էքսկալատորներ, իրականացնել նաև բետոնացման և շինարարական աշխատանքներ։ Իսկ մենք գիտենք, որ Մարզահամերգային համալիրը սովորական շենք չէ, այլ համարվում է հուշահամալիր, և ինքը անձեռնմխելի է նման աշխատանքներ իրականացնելու համար։
Բացի այդ, նրա տարածքը շրջապատված է այգով, ծառերով։ Ծառահատումներն իրականացնելը անթույլատրելի են։ Դիրքը բլրի վրա է, թեքության, ոչ հարթ տարածքի վրա։ Այնպես որ, փորձագետների կողմից տարածքը որպես COP-ի անցկացման վայր, չհաստատվեց»,– նշեց փոխնախարարն՝ ընդգծելով, որ կազմակերպիչներին են ներկայացվել հնարավոր մյուս տարբերակները՝ Դվին համալիրն ու «Մերիդիան» էքսպո կենտրոնը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրություններից հետո ընտրությունը կանգ է առել «Մերիդիան» Էքսպո կենտրոնի վրա։ Հայաստանը նաև գրավոր հավաստում է ստացել, որ Միավորված ազգերի կազմակերպության կենսաբանական բազմազանության քարտուղարությունը «խիստ խորհուրդ» է տալիս հիշյալ վայրում անցկացնել համաժողովը։
«Իհարկե, այդ պահի դրությամբ «Մերիդիան» Էքսպո կենտրոնը հեռու էր իրենց ստանդարտներն և պահանջները բավարարելուց, սակայն գլոբալ չափանիշներով կարող էր հասցվել այն աստիճանի, որ անցկացնեինք COP-ը։ Այս բոլոր ուսումնասիրություններից հետո ընտրվել է այն։ Շեշտում եմ՝ ո՛չ Հայաստանի Հանրապետության կառավարության, ո՛չ Շրջակա միջավայրի նախարարության կամ որևէ այլ գերատեսչության կողմից, այլ՝ ՄԱԿ-ի փորձագետների ուսումնասիրությունների և խորհրդատվության արդյունքում։
Վայրն ընտրելուց հետո, բնականաբար, կար խնդիր՝ իրականացնել ամբողջական վերակառուցման, վերանորոգման և ՄԱԿ ստանդարտների պահանջներին համապատասխանեցման աշխատանքներ և խիստ սահմանափակ ժամանակ։ Քանի որ դա մասնավոր կառույց է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գնացել է այլ ճանապարհով․ էքսպո կենտրոնում որևէ աշխատանք մեր Կառավարությունը չի իրականացրել՝ ո՛չ վերակառուցման, ո՛չ վերանորոգման։ ՀՀ կառավարության՝ ի դեմս պետ գույքի, և էքսպո կենտրոնի միջև կնքված է ծառայությունների մատուցման պայմանագիր։ Այսինքն՝ մեր կառավարությունը վարձակալել է «Մերիդիան» էքսպո կենտրոնն ամբողջ 2026 թվականը՝ դնելով պայման, որ տվյալ կենտրոնի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, շենք–շինությունները պետք է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 14–15-ը համապատասխանեցվեն ՄԱԿ բոլոր պահանջներին, նրանց փորձագետի կողմից տրված ստանդարտներին։ Կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, և մասնավորը հոգ է տարել այդ պահանջների իրականացման համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճարել է միայն պայմանավորված վարձակալության գումարը։ Ընդ որում, շատ կարևոր հանգամանք ասեմ․ քանի որ Հայաստանի Հանրապետությունը նման խոշոր վճարում է կատարել մասնավորին, և ստեղծվել է մի ենթակառուցվածք, որը COP-ի և դրա նման միջոցառումների անցկացման համար եզակի կառույցներից մեկն է, պայմանագրում ֆիքսված է՝ հաջորդող 8 տարիների ընթացքում COP-ի ավարտից հետո։ Հայաստանի Հանրապետությունը իրավասու է ամբողջությամբ տնօրինել, ըստ նպատակային նշանակության, «Մերիդիան» էքսպո կենտրոնի տարածքը ևս 400 օր։ Ընդ որում, իրավասու է նաև այդ իրավունքը 3-րդ անձի վաճառելու, օգտագործելու և տնօրինելու՝ ամբողջովին իր հայեցողությամբ»,– մանրամասնեց փոխնախարարը։
Անդրադառնալով խոսակցություններին, որ Համաժողովի կազմակերպչական աշխատանքների գնումների գործընթացում ընթացակարգը չի պահպանվել, գնումներն իրականացվել են մեկ անձից ՝ Արա Մկրտչյանը նկատեց՝ չի իրականացվել մեկ անձից գնում, այլ իրականացվել է սելեկտիվ ընտրություն։
«Բացի համաժողովի բուն անցկացման վայրը, համաժողովի անցկացման համար ահռելի ծավալի կազմակերպչական աշխատանքներ կան՝ սկսած կահավորումից, ձևավորումից, տրանսպորտային հարցերից, ծառայությունների մատուցումից՝ երկրների ղեկավարների համար, մասնակիցների համար անվտանգության ապահովում, կապի ենթակառուցվածքներ․․․ Այս ամբողջ միջոցառումները համալիր իրականացնելու համար անհրաժեշտ է մասնագիտացված կազմակերպություն, մեծ թվով պրոֆեսիոնալ աշխատակիցներ։ Ինչպես մասնագետներ, այնպես էլ սովորական, ոչ մասնագիտական աշխատանք իրականացնող աշխատակիցներ։ Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ նման միջոցառումների անցկացումն իրականացնում են պրոֆեսիոնալ կազմակերպությունները։ Դրանք կոչվում են «Համաժողովի պրոֆեսիոնալ կազմակերպիչներ»։ Կրկին Մակ-ի պահանջներից մեկն էր, որ անպայման կազմակերպչական աշխատանքները պետք է իրականացնի այդպիսի մի կազմակերպություն։
Ինչ վերաբերում է մեկ անձից գնում կատարելուն՝ ասեմ, որ նման մեծ միջոցառումներ կազմակերպելիս դու ունես կարճ ժամանակ։ Ուղղակի պրակտիկորեն անհնար է այդ կարճ ժամանակում սովորական ընթացակարգերով իրականացնել ահռելի աշխատանքը, ունենալ այդ արդյունքը։ Հենց այս հիմնավորումներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշման մեջ կատարեց փոփոխություն, ու տվեց բացառիկ իրավունք՝ COP-ի շրջանակներում ցանկացած գնում իրականացնել մեկ անձից՝ ելնելով նման մեծ միջոցառման կազմակերպման հենց իմ նշած առանձնահատկություններից։ Այսինքն, Շրջակա միջավայրի նախարարությունն ամբողջապես իրավունք ուներ կատարել մեկ անձից գնում։ Սակայն, ի հավելումն այս իրավունքի, որը կառավարությունը տվել էր և սահմանել էր, պրակտիկորեն չի՛ իրականացվել մեկ անձից գնում, այլ իրականացվել է սելեկտիվ ընտրություն, և կրկին ոչ նախարարության կողմից կամ պետական որևէ կառույցի կողմից։ Նախարարությունը տվել է համապատասխան հայտարարություն՝ նշելով մի քանի գլոբալ չափորոշիչներ, թե ինչպիսի ստանդարտների պետք է համապատասխանի այն կազմակերպությունը, որը կհավակնի իրականացնել կազմակերպչական աշխատանքները»,– ասաց փոխնախարարն՝ ընդգծելով, որ իրենց հայտարարությանը արձագանքել է 12 կազմակերպություն։
Մանրամասնելով ընթացակարգը՝ Արա Մկրտչյանը հստակեցրեց՝ վերոնշյալ կազմակերպություններից 2-ն ընդհանրապես մոտ չէր նման միջոցառում կազմակերպելու չափորոշիչներին։ Մնացած 10 կազմակերպությունների ցանկը տրամադրվել է Միավորված ազգերի կազմակերպության փորձագետներին։
ՄԱԿ փորձագետները, առանց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնակցության, առանց պետական որևէ գերատեսչության ներկայացուցչի մասնակցության ինքնուրույն իրականացրել են սելեկտիվ ընտրություն։
«Քասթինգ են իրականացրել, հանդիպել են բոլոր այդ 10 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց, ստուգել կարողությունները, և իրենք էլ կատարել են ընտրություն։ Ընդ որում, ոչ թե մեկ կազմակերպություն է ընտրվել, ինչպես նշում են, այլ ընտրվել է 2 կազմակերպություն, մեկը՝ Կապույտ գոտու՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար, 2-րդը՝ Կանաչ գոտու աշխատանքների համար։ Այս դեպքում, խոսքը Մարզահամերգային համալիրում իրականացվող աշխատանքների մասին է։
Ի դեպ, այդ 10 կազմակերպությունների մեջ եղել են նաև միջազգային կազմակերպություններ, բայց ՄԱԿ-ի ընտրությունը կանգնել է մեր տեղական նշածս 2 կազմակերպությունների վրա։ Սա է եղել այս կազմակերպությունների ընտրության ամբողջ պրոցեսը, ու պնդել, որ Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատել է ուղղակի մեկ կազմակերպության հետ, այն էլ՝ նախկին ինչ-որ ձախողած կազմակերպության հետ, ուղղակի անհիմն է։ Ամբողջ պրոցեսն իրականացվել է բաց, այդ հայտարարությունը կա, մասնակիցների հայտերը կան։ Մենք կարող ենք հրապարակել»,– վստահեցրեց նա։
Փոխնախարարն անդրադարձավ նաև խոսակցություններին, որ գնված ապրանքների համար նշված գումարները չեն համապատասխանում իրական արժեքներին՝ շեշտելով՝ յուրաքանչյուր ծառայություն ունի իր արժեքը, և դա կախված է նաև «ծառայության ռիթմից»։
«Ես հիմա առանձին որևէ ապրանքի գնին ոչ կանդրադառնամ, ոչ էլ ցանկանում եմ անդրադառնալ։ Գլոբալ կներկայացնեմ, թե ինչում է այստեղ, այսպես ասած, «անհամապատասխանությունը»։ Նախ՝ յուրաքանչյուր ապրանք ունի իր տեխնիկական բնութագիրը, ունի համապատասխան որակական չափորոշիչները։ Նաև, ես մի քանի անգամ շեշտեցի, որ խոսքը գնում է ահռելի ծավալների, բայց՝ կարճ ժամանակահատվածի մասին։ Սովորական ռիթմով մի ծառայությունը, մի ապրանքը արժի իքս դրամ, բայց երբ դու այդ ռիթմը կրճատում ես 3-4 անգամ՝ ծառայություն մատուցողը, բնականաբար, թանկացնում է իր գույքի արժեքը։ Սա շուկայի օրենք է, քանի որ դու ունես համապատասխան կարճ ժամանակ և պետք է իրականացնես ահռելի աշխատանք։
Որոշ մարդիկ փորձել են շահարկել թեման՝ ապրանքի կոնկրետ գներ նշելով։ Բայց այդ գների մեջ չի ներառվում միայն կոնկրետ ֆիզիկապես ինչ-որ ապրանք գնելու արժեքը։ Ես նշեցի, որ այդ ամբողջ աշխատանքները իրականացնում է մեկ կազմակերպություն։ Օրինակ, աթոռները գնելուց հետո ինչպե՞ս են դրանք տեղափոխվել «Մերիդիան» էքսպո կենտրոնի տարածք, ինչպե՞ս են համապատասխան իմ նշած վրաններում տեղադրվել, ինչպե՞ս են հետագա 15 օրերի ընթացքում սպասարկվելու։ Այս ամբողջը ծառայություններ են, բնականաբար, այդ կազմակերպիչ ընկերությունը նույնպես պետք է ունենա իր եկամուտը, իր շահույթը։ Եվ այս գնային առաջարկները համալիր՝ ապրանք, արժեք, կազմակերպիչ ընկերության ծառայության արժեք՝ նշածս բաղադրիչների ընդհանուր արդյունքն է։
Բայց խոսել այս պահին, թե որքան արժեցավ Հայաստանի Հանրապետության համար COP-ի անցկացումը, նախ, դեռ շատ վաղ է։ Իհարկե, աշխատանքների առյուծի բաժինն արդեն կատարված է, բայց Համաժողովը նոր է սկսվում, ու հետագայում ամբողջական հաշվետվությունները կներկայացվեն»,– նշեց փոխնախարարը՝ հնչեցնելով, որ աշխարհում մի քանի ընկերություն կա, որը տիրապետում է «վրանների» ենթակառուցվածքին, և միայն այդ ենթակառուցվածքներից յուրաքանչյուրի գինը շուրջ 30 միլիոն դոլար արժի։
Նա շեշտեց նաև, որ և՛ ծառայությունների ձեռքբերումը, և՛ ապրանքների ձեռքբերումը, շատ դեպքերում, ունեն նաև բնապահպանական չափորոշիչներ պահպանելու պարտավորություն․
«Շատ դեպքերում, ձեռքբերումներն իրականացվում են կրկին Միավորված ազգերի կազմակերպության հավաստումից հետո։ Սա իրենց միջոցառումն է, մենք ուղղակի հյուրընկալող երկիր ենք, և իրենց պահանջները պետք է կատարվի։ Օրինակ, հնարավոր է բեյջի որևէ բաղադրիչ խանութում մի քանի 100 հատ դուք գտնեք շատ ավելի էժան, իսկ այդ բեյջը փաթեթավորելը, հանձնման կետում, յուրաքանչյուր լուսանկարվողին հանձնելու համար տասնյակ աշխատակիցներ պահելը, աշխատավարձ վճարելը ահռելի աշխատանք է, որն ընդհանուր մանր բաղադրիչներով ներառվում է այս ամբողջ ծավալի ու գումարի մեջ։
Մեր երկրում նման ծավալի միջոցառում երբևէ չենք կազմակերպել, հուսով ենք, որ այս միջոցառումը մենք շատ լավ ենք կազմակերպելու։ Շատ ուրախ ենք, որ ՄԱԿ կենսաբանական բազմազանության գործադիր քարտուղարն, ով արդեն ժամանել է Հայաստանի Հանրապետություն, վերջնական արդյունքը տեսնելուց հետո ասել է՝ տպավորված եմ այն աշխատանքով, որը կատարվել է»,– եզրափակեց Արա Մկրտչյանը՝ նկատելով՝ պետք է հպարտանալ, որ Հայաստանի Հանրապետությանը վստահվել է իրականացնել աշխարհի բնապահպանական 2 ամենախոշորագույն միջոցառումներից մեկը։
Զրույցի վերջում Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի տեղակալը ընդգծեց ևս մեկ կարևոր հանգամանք․ COP17-ի շրջանակներում ծախսված գումարի ահռելի մասը վերադառնալու է Հայաստան՝ մասնավորին, քաղաքացիներին, երկրի բիզնեսին․
«Այդ վերադարձը լինելու է այցելուների ծախսած գումարների տեսքով։ Բացի այդ, վճարված գումարներից նույն ընկերությունները նաև հարկեր են վճարելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»։