Հայաստան

Պետգույքի կառավարման կոմիտեն պարզաբանել է Միկոյան 2/21 հասցեի անշարժ գույքի շուրջ ստեղծված իրավիճակը

3 րոպեի ընթերցում

Պետգույքի կառավարման կոմիտեն պարզաբանել է Միկոյան 2/21 հասցեի անշարժ գույքի շուրջ ստեղծված իրավիճակը

Պետական գույքի կառավարման կոմիտեն պարզաբանում է տարածել Երևանի Անաստաս Միկոյան փողոցի 2/21 հասցեում գտնվող անշարժ գույքի էլեկտրոնային աճուրդի շուրջ սոցիալական մեդիայում շրջանառվող մեկնաբանությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեն ներկայացրել է գույքն էլեկտրոնային աճուրդով վաճառելու նախապատմությունը:

«Նշված գույքը 10.02.2025թ.-ին վարձակալության էր տրամադրվել «Տեխզննում 3» ՍՊԸ-ին (վարձակալ՝ Կ. Ե., 50% բաժնետեր՝ Ա. Ե., 50% բաժնետեր՝ Ն. Մ.)։ Վարձակալական պարտավորությունները չկատարելու հիմքով պայմանագիրը սահմանված կարգով դադարեցվել էր, իսկ չվճարված 22,597,439 ՀՀ դրամ (բանկային տոկոսները ներառված չեն) վարձավճարի բռնագանձման պահանջով Կոմիտեն դիմել է դատարան։ Բացի այդ, նշված տարածքում ինքնակամ շինություններ կառուցելու և պետական գույքը վնասելու կամ ոչնչացնելու վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրությունում:

«Տարածքի էլեկտրոնային աճուրդը մեկնարկել է 2026 թվականի հոկտեմբերի 5-ին և սահմանված կարգով տևել մինչև հոկտեմբերի 8-ը, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել «ՏԻԳԱՐ 10» ՍՊԸ-ն։

«Սակայն, մինչ աճուրդի արդյունքների արձանագրության ստորագրումը, Կոմիտեն տեղեկություններ է ստացել, որ տարածքն, առանց իրավական հիմքերի, փաստացի զբաղեցված է։ Կոմիտեի աշխատակիցների կողմից տեղատեսություն իրականացնելու արդյունքում կազմվել է արձանագրություն, որը ստորագրել է տարածքն առերևույթ ապօրինի զբաղեցնող անձանցից Օ. Մ.-ն (վերջինիս ազգականը «Տեխզննում 3» ՍՊԸ-ի 50% բաժնետեր Ն. Մ.-ն է)։ Ուսումնասիրությունն ի հայտ է բերել ևս մեկ փոխկապակցվածություն․ աճուրդում հաղթած «ՏԻԳԱՐ 10» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարը նախկին վարձակալ Կ.Ե.-ի կինն է և «Տեխզննում 3» ՍՊԸ-ի բաժնետերից Ա. Ե.-ի մայրը»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Պետական գույքի կառավարման կոմիտեն ընդգծում է, որ առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ և պետական շահերի պաշտպանությամբ։

«Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը Կոմիտեի կողմից չի ստորագրվել, որի մասին «ՏԻԳԱՐ 10» ՍՊԸ-ն ծանուցվել է։ Գույքը կրկին վարձակալության տրամադրելու նպատակահարմարության հարցին Կոմիտեն կանդրադառնա միայն առկա խոչընդոտներն ի սպառ վերացնելուց և տարածքն ապօրինի տիրապետումից լիարժեք ազատելուց հետո։ Պետական տարածքը զավթելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ենթադրյալ դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ իրավապահ մարմիններին»,- նշում է Պետգույքի կառավարման կոմիտեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում