Մշակույթ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

3 րոպեի ընթերցում

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Գյումրիում հոկտեմբերի 17-ին նշում են  տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  համայնքապետարանից, այս տարի քաղաքապետարանը պատրաստել է բազմաբովանդակ տոնական ծրագիր։ Օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն երաժշտական և պարային ելույթներ, արվեստի ու արհեստների փառատոն, ինչպես նաև մշակութային միջոցառումներ թանգարաններում։

Տոնական միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 11:00-ին, Գյումրու Աբովյան փողոցում՝ «Անի» փողային նվագախմբի համերգով։ Նույն ժամին հիմնանորոգումից հետո իր դռները կբացի Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը։ Կեսօրից մշակութային և պարային միջոցառումները կշարունակվեն քաղաքի տարբեր հատվածներում։ Ժամը 12:00-ին Անի թաղամասի Ֆրանսիական պուրակում ելույթ կունենան «Մանկապատանեկան պալատի» «Վերածնունդ» խումբը և «Սևանէ» կրթահամալիրի պարային համույթները։

Ժամը 13:00-ին Մուշ-2 թաղամասի հրապարակում հանդես կգա «Քրեյզի» պարային խումբը, իսկ Թատերական հրապարակում ազգային և ժամանակակից պարերով ելույթ կունենա «Հրայրք» պարային խումբը։

Ժամը 13:30-ին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում կմեկնարկի Արհեստի ու արվեստի փառատոնը։ Գյումրեցի վարպետներն իրենց տաղավարներում կներկայացնեն քաղաքի ավանդական արհեստները, արվեստի գործերն ու ձեռագործ աշխատանքները։

Տոնական ծրագրեր կանցկացվեն նաև Գյումրու քաղաքապետարանի ենթակայության բոլոր հինգ թանգարաններում. դրանք կմեկնարկեն ժամը 12:00-ից։ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կանցկացվի «Հայկական տառարվեստը և դրա դրսևորումները» թեմայով դասախոսություն, իսկ պատկերասրահի բակում կկազմակերպվի վարպետության դաս։ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում «Շիրակ աշխարհը՝ հացահատիկի շտեմարան» թեմայով դասախոսությանը կզուգակցվի լավաշ թխելու ավանդական արարողությունը։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկազմակերպվի «Մեր ժառանգությունը՝ մեր ինքնությունը» թեմայով ճանաչողական հանդիպում։ Կներկայացվի բանահյուսական նյութերի և վարպետի ստեղծագործության կապը, ինչպես նաև կընթերցվեն հայկական ժողովրդական հեքիաթներ, առասպելներ ու ավանդազրույցներ։ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կներկայացվի «Դուդուկն ու երաժշտությունը» համերգային ծրագիրը, իսկ Մհեր Մկրտչյանի թանգարանում կցուցադրվի «Շիրակի մեղեդիները» հեռուստաֆիլմը։ Նախատեսված են նաև մոռացության մատնվող ազգային ծեսերի վերակենդանացմանն ուղղված միջոցառումներ։

Տոնական օրվա եզրափակիչ միջոցառումը կանցկացվի Վարդանանց հրապարակում։ Այստեղ նախատեսված է մեծ համերգային ծրագիր՝ հայաստանյան հայտնի երգիչ-երգչուհիների և պարային համույթների մասնակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում