Մարզեր

Շիրակում 5 ծրագրի համար կհատկացվի ավելի քան 144 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

Շիրակում 5 ծրագրի համար կհատկացվի ավելի քան 144 մլն դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ 144 մլն 308 հազար 900 դրամ է նախատեսվել Շիրակի մարզում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված 5 ծրագրերի իրականացման համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, գումարի 69 մլն 859 հազար 400 դրամը կհատկացվի Գյումրիի «Հաղթանակ» զբոսայգու վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Ծրագրի նպատակն է ստեղծել ժամանակակից, անվտանգ, ներառական և բազմաֆունկցիոնալ հանրային տարածք՝ բարելավելով բնակիչների հանգստի և ժամանցի պայմանները։

Ախուրյան համայնքի ղեկավարության շենքի դահլիճի վերանորոգման համար նախատեսվել է 26 մլն դրամ։ Աշխատանքների արդյունքում կստեղծվեն ժամանակակից պայմաններ տարբեր միջոցառումների, սեմինարների, համաժողովների և հանդիպում-քննարկումների կազմակերպման համար։ Նախատեսվում է նաև համայնքապետարանի շենքում ստեղծել թվային տեխնոլոգիաներով հագեցած քաղաքացիների սպասարկման գրասենյակ։

Բայանդուր բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման համար կհատկացվի 11 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել նաև մարզասարքերով հագեցած խաղային և հանգստի գոտի՝ երեխաների ու երիտասարդների ակտիվ հանգիստն ու ժամանցը կազմակերպելու համար։

Վահրամաբերդ բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման նպատակով նախատեսվել է 12 մլն 557 հազար 700 դրամ։ Ծրագրի նպատակն է բնակիչների, հատկապես երեխաների և երիտասարդների համար ստեղծել մարզվելու և ակտիվ հանգստի հնարավորություններ։

Ամասիա բնակավայրի թիվ 1, 4, 8, 13 և 31 շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների համար նախատեսվել է 24 մլն 891 հազար 800 դրամ։ Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է բարելավել շքամուտքերի տեխնիկական և գեղագիտական վիճակը, ինչպես նաև բարձրացնել բնակիչների անվտանգության մակարդակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում