ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել է, որ COP17–ը Երևանում չափազանց լավ է կազմակերպվել
4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ նա երկրորդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է, որ այցելում է մեր երկիր։


Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերջին 8 տարիներին համատեղ աշխատանքը և նշել, որ այդ ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել տարածաշրջանում և աշխարհում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի դերի մասին թեման բոլոր տեսակի քննարկումների կենտրոնում է եղել, միջազգային ասպարեզում անընդհատ քննարկվել է բազմակողմանիության կարևորությունը։

«Թվում է, թե շատ միջազգային խաղացողներ շատ են ցանկանում տեսնել այդ բազմակողմանիությունը՝ լավ հասկանալով ՄԱԿ-ի դերը։ Բայց ցավոք, շատ տեղերում մենք տեսնում ենք միակողմանիություն, և աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է։
Բայց բարեբախտաբար, մեր տարածաշրջանում, շատ դժվար իրադարձությունների միջով անցնելուց հետո, մենք ի վիճակի ենք եղել փոխել իրավիճակը, և հիմա մեր գլխավոր նպատակն է հասնել վերջնական կետին։ Ես նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։ Այն մեր հիմնական նպատակն է, և մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, որովհետև դա իրականացնելը հեշտ չէ, բայց մյուս կողմից մենք պետք է լինենք հնարավորինս կենտրոնացած այդ նպատակի վրա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով COP-17-ին՝ վարչապետը նշել է, որ այն ամենամեծ միջոցառումն է, որ երբևէ կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով։
Իր հերթին Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և COP 17 համաժողովի լավագույնս կազմակերպման համար։

«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին, քանի որ այս համաժողովը կազմակերպվել է չափազանց բարձր մակարդակով։
Գործընկերներս ինձ ասում են, որ դժվար բանակցությունների ընթացքում, երբ անհրաժեշտ է լինում համաձայնության գալ հայտարարության կամ պայմանավորվածության շուրջ, Հայաստանը միշտ դրսևորել է դիվանագիտական բացառիկ կարողություններ՝ հրաշքներ գործելով տարբեր կարծիքներն ու մոտեցումները մեկտեղելու հարցում, ինչը բնական է ՄԱԿ-ի Կողմերի համաժողովների (COP) բոլոր հարթակներում՝ լինի դա կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, թե անապատացման դեմ պայքարի ոլորտներում։ Իսկապես, Հայաստանի ղեկավարության և դիվանագիտության որակն ակնառու է»,– ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։
Միաժամանակ, Անտոնիու Գուտերեշը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական ներդրումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել COP 17 համաժողովի անցկացման, տեղի ունենալիք քննարկումների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ընթացքին։ Երկուստեք ընդգծվել է վերոնշյալ նախագծի կարևորությունը՝ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և փոխգործակցության խթանման գործում։