Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում Արևելք–Արևմուտք կապերի համար. Տոկաև

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում Արևելք–Արևմուտք կապերի համար. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացը՝ նշելով, որ տասնամյակների հակամարտությունից հետո երկու երկրների մերձեցումը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, Տոկաևն այս մասին հայտարարել է Բաքվում անցկացվող՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության յոթերորդ գագաթնաժողովի լիագումար նիստում։

Ղազախստանի նախագահն առաջարկել է կազմակերպության շրջանակում համատեղ մշակել տրանսպորտային փոխկապակցվածության ռազմավարություն։

Նրա խոսքով՝ եվրասիական տրանսպորտային ուղիների խաչմերուկում գտնվող տարածաշրջանը ենթակառուցվածքների զարգացման լայն հնարավորություններ ունի։ Ընդհանուր տրանսպորտային միջանցքները, Տոկաևի գնահատմամբ, պետությունների միջև երկարաժամկետ վստահության ձևավորման արդյունավետ գործիքներից են, իսկ ավտոճանապարհները, երկաթուղիներն ու նավահանգիստները միավորում են ոչ միայն տնտեսությունները, այլև ժողովուրդներին։

Առաջարկվող ռազմավարությունը հնարավորություն կտա ուսումնասիրել տարածաշրջանի հիմնական միջազգային տրանսպորտային երթուղիների ներուժը։ Տոկաևը դրանց թվում նշել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, Միջին միջանցքը և TRIPP նախաձեռնությունը։

Ղազախստանի նախագահի խոսքով՝ քաղաքական կամքն ու տնտեսական ներուժը կազմակերպությանը հնարավորություն են տալիս աջակցելու խոշոր անդրսահմանային նախագծերի իրականացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում