Ադրբեջան

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի խոսքով՝ դեկտեմբերին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում քննարկվելիք հարցերի օրակարգը էապես չի տարբերվի նախորդ հանդիպումների օրակարգից։

«Մեր մշտական քննարկվող հարցերն են, օրակարգը շատ չի տարբերվելու։ Մեր գործընկերը ժամանել էր Հայաստան, հիմա մեր հերթն է։ Ես կգնամ, կպայմանավորվենք նաև հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Նման հանդիպումներին այնքան հարցերի մասին ենք խոսում, որ հիմնականում նույն հարցերն են օրակարգում»,- «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

«Արմենպրես»-ի հարցին, թե անվտանգության քարտուղարի կարգավիճակում առաջին անգամ մասնակցելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ ինչ տպավորություններ է ստացել, Սիմոնյանը պատասխանեց, որ նման քննարկումների կարևորությունն այն է, որ կան հարցեր ու ընկալումներ, որոնք խոսելու, բացատրելու և ներկայացնելու կարիք ունեն։ «Ամենակարևոր և հետաքրքիր բանն այն է, որ կան հարցեր ու ընկալումներ, որոնք խոսելու, բացատրելու, ասելու կարիք ունեն։ Միգուցե թվում է, թե ինչ-որ բան ակնհայտ է, բայց հաճախ թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ միջպետական հարաբերություններում, առավել ևս՝ հասարակությունների հետ շփման ընթացքում շատ կարևոր է բացահայտել անգամ ամենաակնհայտը»,- նշեց նա։

 Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին՝ Սիմոնյանը նկատեց, որ երկու երկրներն ունեն գյուղատնտեսության ոլորտում նմանություններ, իսկ Ադրբեջանն ունի նավթի և գազի պաշարներ, որոնք որոշակի առավելություններ են ապահովում։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը կարող է Հայաստանը գրավիչ դարձնել նաև միջազգային կազմակերպությունների համար։ «Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության հիմնական մեխերից մեկը ճանապարհն է »,- ասաց ԱԽ քարտուղարը։

 Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ դեկտեմբերին մեկնելու է Ադրբեջան։ Նրա խոսքով՝ այցը պատասխան կլինի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ հունիսին Հայաստան կատարած այցին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում