Մարզեր

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն 11 ծրագրի համար 461 միլիոն 414 հազար դրամ հատկացնելու մասին։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  243 միլիոն 512.7 հազար դրամ հատկացվել է Սևան քաղաքի Բարեկամության, Խաղաղության, Կոմիտասի, Աշոտ Երկաթի, Ելենովկա և Բաբաջանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար։ Այս պահի դրությամբ կատարվել է աշխատանքների շուրջ 95 տոկոսը, որի արդյունքում ասֆալտապատվել է 2600 գծամետր ճանապարհ։

12 միլիոն 256.6 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի լուսավորության համակարգերի կառուցման համար։ Կատարվել է աշխատանքների շուրջ 90 տոկոսը, որի արդյունքում անցկացվել է 3,5 կիլոմետր երկարության լուսավորության համակարգ։

Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակի տարածքում  ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 47 միլիոն 136,3 հազար դրամ։

29 միլիոն 700,9 հազար դրամ էլ տրամադրվել է Ճամբարակ համայնքում սպորտային այգու կառուցման աշխատանքների իրականացման համար։

40 միլիոն 805,9 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի մշակույթի տան երրորդ հարկի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։

Մարտունի համայնքի 5 բնակավայրում անօդաչու թռչող սարքերի (դրոնների) լաբորատոր սենյակների վերանորոգման և ժամանակակից սարքավորումներով կահավորման աշխատանքների իրականացման համար տրամադրվել է 26 միլիոն դրամ։

10 միլիոն 124,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի մարզասրահի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։

9 միլիոն 200 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրման աշխատանքների իրականացման համար։

Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի չգործող մասնաշենքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 10 միլիոն 300  հազար դրամ։

10 միլիոն 200 հազար դրամ էլ հատկացվել է Սևան համայնքի Վարսեր բնակավայրում մինի ֆուտբոլի-բասկետբոլի դաշտի կառուցման աշխատանքների իրականացման համար։

Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում այգու կառուցման աշխատանքների իրականացման համար հատկացվել է  31 միլիոն 377,4 հազար դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում