Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ զարգացումների ընթացքով Իրանը բավարարված է

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ զարգացումների ընթացքով Իրանը բավարարված է

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ հայաստանյան որոշ մեդիա ռեսուրսներում ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասին մեկնաբանությունները էականորեն ուռճացված են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր՝ վերջերս Իրան կատարած այցի ընթացքում հաջողվե՞լ է ԹՐԻՓՓ նախագծի շուրջ  իրանական կողմի մտահոգությունները փարատել։

«Այն մեկնաբանությունները, այն սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները ԹՐԻՓՓ-ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ էականորեն հեռու են իրականությունից, կարող եմ ասել էականորեն ուռճացված են։ Իրանական կողմում կան հարցեր, այդ հարցերին պատասխաններ տրվել են, իրանական կողմը, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։

Օրինակ, իրանական կողմը հարցնում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն ԹՐԻՓՓ-ի երկայնքով։ Չի լինելու, մարդիկ հարցնում են, ասում ենք՝ չի լինելու, թղթերը այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։ Այսինքն՝ նորմալ է, որ իրենք այդ հարցն ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք, իրենք էլ ասում են՝ դե եթե չի լինելու...իրենք էլ կպնելու են, չէ, այդ երկաթուղային ցանցը կարողանալու են օգտագործել։ Դասագրքային ճշմարտություն է, որ երրորդ կողմի զինված ներկայությունը մեկ այլ տեղ երկուսի հարաբերություններում, միայն բարդացնելու է այն երկուսի կյանքը։ Մարդիկ հարցեր են ունեցել, այդ հարցերին պարբերաբար տրվել են պատասխաններ, ընդ որում, այնպես չէ, որ ես այս անգամ գնացել եմ ու ինձ այց հարցն են տվել, որովհետև այդ հարցը տրվել է մեկ տարի առաջ և այդ հարցը պարզաբանվել է։ Ես գնացել եմ և ինձ ասել են՝ եթե այսպես է, լավ...»,- մանրամասնել  է ՀՀ ԱԳՄԱ նախարարը։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Իրան էր մեկնել հոկտեմբերի 5-ին։ Այցի ընթացքում ՀՀ ԱԳՄԱ նախարարը հանդիպումներ էր ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆի հետ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում