COP17. Կանանց խմբի ներկայացուցիչները կոչ են արել ապահովել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման հասանելիություն
9 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսավորումը պետք է լինի կանխատեսելի, բավարար, երկարաժամկետ և գենդերային հավասարության նկատմամբ զգայուն, իսկ ֆինանսական միջոցներն անմիջականորեն հասնեն կանանց ղեկավարած կազմակերպություններին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խոսվեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Երևանի «Մերիդիան Էքսպո» կենտրոնում (COP17-ի կապույտ գոտի) անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում։
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կանանց խմբի ներկայացուցիչները ներկայացրել են ֆինանսավորման, որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության, ավանդական գիտելիքների պաշտպանության և կենսաբազմազանության ոլորտում գենդերային հավասարության ապահովման վերաբերյալ իրենց առաջարկությունները։
Կանանց խմբի ներկայացուցիչ Աննա դի Պանգրասոն, ով FARN կազմակերպության ներկայացուցիչն է, ընդգծել է, որ ֆինանսավորման հարցը վերաբերում է ոչ միայն մոբիլիզացվող միջոցների ծավալին, այլև դրանց հասանելիությանը, բաշխման վերաբերյալ որոշումների կայացմանը և վերջնական շահառուներին։
«Առանց բավարար ֆինանսական միջոցների՝ կառավարությունների ստանձնած պարտավորությունները մնում են պարզապես թղթի վրա գրված խոստումներ»,-նշել է նա։
Աննա Դի Պանգրասոյի խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել կենսաբազմազանության պահպանության համար ավելի կանխատեսելի, բավարար և կայուն պետական ֆինանսավորում։ Նա ընդգծել է, որ զարգացած երկրները պետք է կատարեն իրենց ստանձնած ֆինանսական պարտավորությունները, իսկ ֆինանսավորման նոր մեխանիզմները չպետք է լրացուցիչ պարտքային բեռ ստեղծեն զարգացող երկրների, կանանց և համայնքների համար։
Նրա խոսքով՝ կանանց, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների կազմակերպությունները, չնայած կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման գործում ունեցած կարևոր դերակատարությանը, շարունակում են բախվել ֆինանսավորման հասանելիության խոչընդոտների։ Բարդ ընթացակարգերն ու կարճաժամկետ ֆինանսավորման մեխանիզմները հաճախ սահմանափակում են տեղական նախաձեռնությունների և կանանց ղեկավարած կազմակերպությունների հնարավորությունները։
Կանանց խմբի ներկայացուցիչները կոչ են արել ապահովել ֆինանսական միջոցների անմիջական, պարզեցված, ճկուն և երկարաժամկետ հասանելիություն՝ ֆինանսական մեխանիզմների կառավարման և ռեսուրսների բաշխման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցությամբ։
Նրանք նաև կարևորել են հաշվետվողականության մեխանիզմների և բնապահպանական ու սոցիալական երաշխիքների ամրապնդումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է գնահատել ոչ միայն մոբիլիզացված կամ բաշխված ֆինանսական միջոցների ծավալը, այլև դրանց իրական հասանելիությունն ու ազդեցությունը համայնքների վրա։
Կանանց խմբի տնօրենների խորհրդի անդամ Քրիստինա Էջենտերը իր ելույթում կարևորել է ամբողջ հասարակության մասնակցության սկզբունքի կիրառումը կենսաբազմազանության ոլորտում քաղաքականությունների մշակման, իրականացման, մշտադիտարկման և հաշվետվողականության գործընթացներում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակ ճանաչել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքներում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի իրավունքները, պարտականություններն ու դերերը։ Նա նշել է, որ «ազգային կառավարություններից բացի այլ դերակատարներ» ընդհանրական ձևակերպումը կարող է բավարար չափով չարտացոլել տարբեր խմբերի առանձնահատուկ կարգավիճակն ու ներդրումը։
Էջենտերը տեղեկացրել է, որ Կանանց խումբը և բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների ու երիտասարդների ներկայացուցիչները համատեղ առաջարկել են կիրառել «հիմնական խմբեր և այլ շահագրգիռ կողմեր» ձևակերպումը՝ ապահովելով գործընթացներին մասնակցող խմբերի ավելի հստակ ճանաչումը։
Նա նաև ընդգծել է, որ գլոբալ գնահատումից հետո ներառական և արդյունավետ գործողությունների իրականացման արագացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ «Երևանյան ուղին» կարող է նպաստել ամբողջ հասարակության մասնակցության, գենդերային հավասարության և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների կիրառմանը։
Էջենտերի խոսքով՝ կարևոր են նաև երկխոսության հարթակները, որոնք հնարավորություն կտան տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ավելի լավ հասկանալ տարբեր կողմերի դիրքորոշումները։
Ասուլիսի ընթացքում Կանանց խմբի ծրագրերի պատասխանատու Շրուտի Ագիսը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ինքնորոշման ու ինքնակառավարման իրավունքները՝ ապահովելով նրանց լիարժեք, արդյունավետ և գենդերային հավասարակշռված մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում։
Նա ընդգծել է նաև բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների և աֆրիկյան ծագում ունեցող համայնքների կանանց ու աղջիկների գիտելիքների և առաջնորդության ճանաչման կարևորությունը։ Նրա խոսքով՝ այդ համայնքների տեսակետները պետք է հաշվի առնվեն քաղաքականությունների մշակման և իրականացման, ինչպես նաև փորձագիտական խմբերի աշխատանքներում՝ հարգելով ազատ, նախնական և տեղեկացված համաձայնության իրավունքը և բնիկ ժողովուրդների՝ իրենց տվյալների նկատմամբ ինքնիշխանությունը։
Ագիսը ևս մեկ անգամ կարևորել է այդ համայնքներին անմիջականորեն հասնող, ճկուն և երկարաժամկետ ֆինանսավորման ապահովումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և երիտասարդներին։
Մամուլի ասուլիսի մեկ այլ հատվածում քննարկվել է կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համագործակցության հարցը։ Բանախոս Մարիսա Ալբատրիսը նշել է, որ արդյունավետ համագործակցությունը պահանջում է ամբողջ հասարակության մասնակցություն, այդ թվում՝ մասնավոր հատվածի և գյուղական բնակավայրերում ապրող կանանց ներգրավում։
Նրա խոսքով՝ կանանց մասնակցությունը չպետք է սահմանափակվի նրանց ներկայությունը թվային ցուցանիշներով ներկայացնելով։ Նրանք պետք է իրական դեր ունենան որոշումների կայացման և համագործակցության գործընթացներում։
«Առանց մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության նկատմամբ զգայուն մոտեցման համագործակցություն չի կարող լինել»,-ընդգծել է բանախոսը։
Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև գենդերային հավասարության և կենսաբազմազանության վերաբերյալ հրապարակումներ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գործնական ձեռնարկին, որի պաշտոնական շնորհանդեսը տեղի էր ունեցել նախորդ օրը, ինչպես նաև Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի (IIED) հետ համագործակցությամբ իրականացվող կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների և քաղաքականության ոլորտում գենդերային արդարության առաջխաղացման նախաձեռնությանը։
Վերջինիս շրջանակում ներկայացվել է նաև կանանց ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում փաստագրելու աշխատանքը։ Նախաձեռնության ներկայացուցիչը նշել է, որ գլոբալ գնահատման գործընթացներում կանանց դերակատարումը բավարար չափով ներկայացված չէր, իսկ նրանց ներդրման վերաբերյալ հաշվետվություններն ու տեղեկությունները սահմանափակ էին։
Այդ բացը լրացնելու նպատակով Կանանց խումբը աշխարհի տարբեր երկրներից կանանց հրավիրել է ներկայացնել իրենց պատմություններն ու գործնական օրինակները։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում ստացվել է 71 դեպքի նկարագրություն, որոնք ներկայացնում են կենսաբազմազանության պահպանությանն ուղղված կանանց նախաձեռնությունները։
Հավաքված պատմությունները ներառվել են առանձին հրապարակման մեջ՝ նպատակ ունենալով ավելի տեսանելի դարձնել կանանց ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում։
Կանանց խմբի ներկայացուցիչների համոզմամբ՝ կենսաբազմազանության պահպանության քաղաքականությունների արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն ֆինանսական միջոցների ավելացում, այլև կանանց և համայնքների իրավունքների ճանաչում, որոշումների կայացման գործընթացներում նրանց լիարժեք մասնակցություն և նրանց աշխատանքի իրական արդյունքների գնահատում։
Սարգիս Ասատրյան