Մարզեր

Գավառ քաղաքում մարզահրապարակ է բացվել

2 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքում մարզահրապարակ է բացվել

Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի բակում տեղի է ունեցել Street Workout մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողություն։

Մարզահրապարակի կառուցումը նախաձեռնել է Գավառ քաղաքի նախկին բնակիչ, այժմ Մոսկվայում բնակվող Վանո Զաքոյանը, ով իր և ընկերների համատեղ ֆինանսական միջոցներով իրականացրել է այս ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մարզահրապարակի կառուցումն իրականացվել է Street Workout ֆեդերացիայի և Գավառի համայնքապետարանի հետ ակտիվ համագործակցության արդյունքում։

Նոր մարզահրապարակը հանրային և անվճար մարզական տարածք է, որտեղ կարող են մարզվել բոլոր ցանկացողները՝ հնարավորություն ունենալով զարգացնել իրենց ֆիզիկական պատրաստվածությունն ու առողջ ապրելակերպի մշակույթը։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Գրիգոր Բոշյանը, Մուրադ Մովսիսյանը, երիտասարդության և սպորտի հարցերով պատասխանատու Նարեկ Մուրադյանը, Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Պիպոյանը, Վանո Զաքոյանի հարազատները, մարզիկներ, աշակերտներ, ինչպես նաև հատուկ հրավիրված մարզիկներ։

Հյուրերի թվում էր նաև 62-ամյա մարսելաբնակ հայազգի մարզիկ, լեռնագնաց, վազորդ Արա Խաչադուրյանը, ով 2016 թվականին բարձրացել է Էվերեստի գագաթը, 2018 թվականին Մարսելից վազելով հասել է Հայաստան։

Հյուրերը իրենց ելույթներում շնորհավորել են ներկաներին՝ մարզահրապարակի բացման առթիվ և Վանո Զաքոյանի հարազատների միջոցով իրենց երախտագիտությունն են փոխանցել նախաձեռնության հեղինակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում